Ինչու որոշեցին ջուրը թանկացնել եւ ինչու 14 դրամով
EconomicsԱյսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանն, անդրադառնալով «Վեոլիա Ջուր» ընկերության ջրի սակագնի բարձրացման առաջարկին, ասաց, որ ահռելի կորուստների նվազեցմամբ զբաղվելու փոխարեն՝ ընկերությունը ջրի սակագինն է փորձում բարձրացնել:
«Թանկացնում են 14 դրամով, ուզում են առաջարկել 194 դրամ դարձնել, ինչն անընդունելի է, եւ դեռեւս չկա հիմնավորում, թե ինչու որոշեցին հիմա թանկացնել եւ ինչու 14 դրամով:
Ընկերությունը, փոխանակ զբաղվի կորուստների հարցով, պակասեցնի, հեշտ ձեւ է գտել՝ սակագին բարձրացնել, որն անընդունելի է»,- ORER.news-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ նշելով, որ երբ ընկերությունը պայմանագիր էր կնքում 10 տարի առաջ, միայն Երեւանում ջրի կորուստը գնահատվում էր 80-85%:
«2015թ-ին արդեն կարծես հասցվել էր 70-75%, որը միեւնույնն է, դարձյալ շատ է: Պատկերացնո՞ւմ եք՝ այդքան ջուրը որտեղ է կորում: Ստացվում է՝ այդ դեպքում Երեւանը պետք է ջրի մեջ հեղեղված լինի»,- ասաց բանախոսը եւ նկատեց, թե դա նշանակում է, որ ջրի գողությունները բավական շատ են, եւ դրանք ավելի շատ մասնավոր հատվածում են:
«Կասկածներ կան, որ մեծ ջուրօգտագործողները հանցավոր համաձայնության են գալիս որոշ աշխատակիցների հետ՝ շրջանցելով վճարումը, եւ փոխանակ այդ ուղղությամբ գնան, սակագին են բարձրացնում անընդհատ»,- ասաց նա:
Կարեն Չիլինգարյանը հիշեցրեց, որ ընկերությունը, երբ ձեռք բերեց ջրի տնօրինման պայմանագիրը, պարտավորվել էր 5 տարի չբարձրացնել սակագինը եւ ապա աստիճանաբար նվազեցնել, մինչդեռ բարձրացումից հետո նվազեցում կա՛մ չնչին, կա՛մ ընդհանրապես չկար: