«Գեղարդ» անսամբլը Հայաստանը ներկայացրեց միջազգային 34-րդ ֆոլկլորային փառատոնում
CultureՌումինիայի Արջեշ նահանգում օգոստոսի 10-ին մեկնարկել է «Կարպատներ» միջազգային ֆոլկլորային 34-րդ փառատոնը, որի բացումը կայացել է նահանգի Պիտեշտ կենտրոնում, ապա շարունակվել նահանգի այլ քաղաքներում ու բնակավայրերում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացրել է ժողովրդական պարի «Գեղարդ» անսամբլը`գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Ալբերտ Կիզիրյանի գլխավորությամբ, որնառանձնանցավ պարային համարների բարձրարվեստ կատարումներով, հմուտ գործիքային ուղեկցությամբ եւ ազգային տարազների գունագեղ բազմազանությամբ: Երկշաբաթյա միջազգային փառատոնի շրջանակներում հայկական պարախումբը բազմաթիվ ելույթներ է ունենալու:
Փառատոնի բացմանը ներկա էր Ռումինիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, ով հանդիպումներ ունեցավ Արջեշի նահանգային խորհրդի նախագահ Կոնստանտին Դան Մանուի եւ Պիտեշտի քաղաքապետ Կոնստանտին Կորնել Իոնիկայի հետ՝ նրանց հետ քննարկելով ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում նահանգային մակարդակով և Գյումրի ու Պիտեշտ քաղաքների միջեւ հաստատված համագործակցային հարաբերությունների ամրապնդման, փոխայցելությունների ակտիվացման հնարավորությունները:
Փառատոնն անցկացվում է «Արջեշի եւ Մուշչելի տոնախմբություններ» մշակութային միջոցառումների 11-րդ թողարկման շրջանակներում: Ռումինական խմբերի կողքին այս տարի փառատոնին հրավիրված են մասնակցելու պարախմբեր Հայաստանից, Բրազիլիայից, Չինաստանից, Իռլանդիայից, Իտալիայից, Հարավային Կորեայից, Մեքսիկայից, Լեհաստանից, Մոլդովայից, Թուրքիայից եւ Բուլղարիայից: