Ցինիկաբար գլխով հարվածել տուժողի դեմքին ու դանակը խրել նրա սրտի մեջ. տեղի ունեցավ հերթական դատական նիստը
SocietyՍիրած աղջկան վարկաբեկելու եւ սուտ տեղեկություններ հայտնելու հարցերի պարզաբանման ընթացքում տեղի ունեցած սպանության գործով այսօր տեղի ունեցավ հերթական դատական նիստը, որի ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Ապրեսյանը միջնորդեց ամբաստանյալ Գոռ Սարգսյանին դատապարտել ազատազրկման ՀՀ ՔրՕՐ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առավելագույն չափով՝ մինչեւ 15 տարի ազատազրկման:
«Սառնասրտորեն սպանել է, սառնասրտորեն էլ պետք է պատժվի»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ հավելելով, որ 4 մլն. 128 հազար դրամի չափով հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ տուժող կողմի ներկայացրած քաղհայցի երկու մլն-ը վերականգնվել է, մնացած՝ 2 մլն. 128 հազարն եւս ենթակա է բավարարման:
Ներկայացուցիչը հայտարարեց՝ իր վստահորդի ուսանող որդին, ով նպատակներ ուներ իրականացնելու, ի՞նչ է արել, հակաօրինական ի՞նչ գործողություն, վարքագիծ, պահվածք է դրսեւորել, որ արժանացել է ամբաստանյալի դանակի հարվածին:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց. «Գործի քննությամբ հիմնավորված է, որ ամբաստանյալն է նախաձեռնել հանդիպել տուժողին: Վերջինիս մեղքը միայն այն է եղել, որ նա ասել է ամբաստանյալին, որ նրա սիրած աղջիկը եւ իր նախկին ընկերուհին տուն տանելու աղջիկ չէ: Մի քանի օր անց ամբաստանյալը նորից հանդիպել է տուժողի հետ՝ ցինիկաբար գլխով հարվածել տուժողի դեմքին ու դանակը խրել նրա սրտի մեջ: Գոռ Սարգսյանը իրեն իրավունք է վերապահել խլել Աստծո պարգեւած կյանքը»:
Պաշտպանական կողմն իր ճառում նշեց. «Նախաքննության ժամանակ նշանակված դատահոգեբանական ու դատահոգեբուժական համալիր փորձաննությունը կատարելիս հոգաբանական մասով փորձագետները բավարար տվյալներ չեն ունեցել աֆեկտի երրորդ փուլ արձանագրելու համար: Ուստի փորձաքննությունը լիարժեք չէ»:
Ամբաստանյալի պաշտպան Կարեն Հովհաննիսյանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել ներքին դիտում օպերատիվ-հետախուզական գործողության ամփոփ տեսագրությունը: Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ներքին դիտում կատարելու համար դատարան միջնորդություն ներկայացվել է 2016թ. ապրիլի 9-ին, ժամը 06.30-ին այն դեպքում, երբ Գոռ Սարգսյանը միայն 06.50-ին է ինքնակամ ներկայացել իրավապահ մարմիններին:
Ըստ պաշտպանի՝ ակնհայտ է պաշտպանության իրավունքի խախտում: Իր խոսքում պաշտպանն ընդգծեց, որ տուժողն իր պաշտպանյալին հայտնել է, որ իր սիրած աղջիկը կույս չէ եւ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ: Ասվածի հետեւանքով ամբաստանյալը տեւական, հոգեմաշող վիճակում է եղել: Բժշկական հետազոտությամբ հավաստիանալով, որ աղջիկը կույս է, երկրորդ անգամ հանդիպել է տուժողին՝ նրանից հարցնելու, թե ինչու է վարկաբեկում իր սիրած աղջկան:
Ամբաստանյալն, ըստ պաշտպանի, հանդիպման է գնացել միայն կոնֆլիկտը լուծելու համար: Սակայն այդ հանդիպմանը եւս տուժողը պնդել է, որ քնել է աղջկա հետ:
«Հոգեճնշող վիճակում է կատարվել այս դեպքը»,- ասաց պաշտպանը:
Կարեն Հովհաննիսյանը միջնորդեց սպանության հոդվածով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն:
Պաշտպանը միջնորդեց նշանակել նվազագույն պատիժ: Գործով մեղադրողն իր հերթին միջնորդեց իրեն ողջամիտ ժամկետ տրամադրել ռեպլիկով հանդես գալուն նախապատրաստվելու համար. դատարանը բավարարեց միջնորդությունը, եւ դատական նիստը հետաձգեց: