Ապրիլյան պատերազմի սցենարը կրկնվում է
AnalysisLraber.info-ն գրում է.
Բախտի քմահաճույքով ստացվել է այնպես, որ բոլոր այն ոլորտները, որոնք գովեստի են արժանանում, հանդիպում են փորձության և գովեստի փոխարեն պախարակվում: Այդպես ժամանակին ամեն առիթով հորջորջվում էր հայկական զինուժի ամենազորությունը: Կոռուպցիա՞. փող են հավաքում բանակի համար: Ընդդիմության ցույցե՞ր. խաթարում են սահմանի անդորրը և թշնամուն սադրանքի առիթ տալիս:
Հետո եղավ ապրիլյան պատերազմը և հայկական զինուժը ուշքի եկավ միայն կեսից, երբ արդեն բազմաթիվ զոհեր կային: Հասարակությունն իր գործն արեց, զինվորագրվեց, օգնեց ինչով կարող էր: Բանակում առանձին մարդիկ էլ իրենց գործն արեցին: Բայց համակարգը չաշխատեց: Այն արթնացավ միայն հետո, երբ հաստատվել էր ժամանակավոր զինադադար: Բարեբախտաբար հետևություններ արվեցին և առաջնագիծը բարեփոխվեց, բայց շատ ցավոտ դասից հետո:
Հիմա այրվում է Խոսրովի անտառը և արդեն քանի օր այրվելուց հետո միայն օգնությամբ դիմել են ռուսներին: Ռուսական ինքնաթիռը պիտի անի այն, ինչ հայկական ԱԻՆ-ը իվիճակի չէ անել քանի օր շարունակ: Դեպքի վայր մեկնած կամավորները միաբերան պնդում են, որ տարածքում ամենաթողություն է և ԱԻՆ-ը չի կարողանում համակարգված աշխատել, տեխնիկա էլ չկա: Երևի հրդեհն էլ է մարվում 80-ականների զենքերով:
Ժամանակին նաև ԱԻՆ-ն էր գովասանքի կենտրոնում: Հպարտորեն հայտարարվում էր, թե ունենք կայացած երկու կառույց ՝ բանակն ու ԱԻՆ-ը: Լուսահոգի Արմեն Երիցյանի հանդեպ հասարակության համակրանքով էր նաև սա պայմանավորված: Միգուցե հենց Երիցյանից հետո ԱԻՆ-ում սկսվեց համակարգային խուճապը, որ դրսևորվում է հիմա: Բայց տեխնիկական ամենաթողությունը նոր չէ, պարզվեց, որ առաջին անգամ ենք նման հրդեհի հանդիպում ու կրկին պետք է դասեր քաղենք ցավոտ ձևով, կորուստներ կրելուց հետո միայն:
Եթե զինված ուժերն ու ԱԻՆ-ը, որ այդքան փառաբանվում էին, հանդիպելով իրական մարտահրավերների, չեն կարողանում դիմագրավել դրանց, բա ի՞նչ խոսենք մնացած ոլորտների մասին: Թերևս ոչինչ: Լռենք, զբաղվենք ինքնախաբեությամբ, վերջում օգնության կանչենք ռուսներին, հետո բողոքենք, որ ռուսները մեզ ճնշում են ու խառնվում Հայաստանի գործերին: Այդպես լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ դու ինքդ քո գործերին չես կարողանում խառնվել:
Արտակ Ասլանյան