«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհից հիմնականում տուժել են չթռչող միջատներն ու սողունները
Society«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհից խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել: Նրանք արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել: Արմենպրեսի հաղորդմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի խոսքով՝ հրդեհի հետեւանքով տուժել են հիմնականում չթռչող միջատները , սողուններն ու կրծողները: «Սրանք նախնական տվյալներն են, հիմնական ուսումնասիրությունները և հաշվարկները կկատարվեն արդեն հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո»,-ասել է Աղասյանը՝ պարզաբանելով, որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանն էլ նշել է, որ այս պահին անձրևը դադարել է: «Օդային օպերացիաները և տեղացած անձրևը բավականին արդյունք տվել են: Ներկայում հրդեհաշիջման աշխատանքների բոլոր մասնակիցները կրկին գործի են անցել տեղայնացված հրդեհի օջախները մարելու նպատակով»,-ասել է նա: