«Աստանա Էքսպո 2017». Հայաստանի ազգային օրվա միջոցառումները լայն հետաքրքրություն են առաջացրել
Economics«Աստանա Էքսպո 2017» միջազգային ցուցահանդեսում օգոստոսի 16-ը նշվել է որպես Հայաստանի օր: Ցուցահանդեսում Հայաստանի օրվան նվիրված միջոցառումները լայնորեն լուսաբանվել են նաև ղազախական լրատվամիջոցներում:
24 Хабар հեռուստաընկերությունն իր ռեպորտաժում շեշտադրել է այն հանգամանքը, որ Հայաստանն իրենց երկրի՝ Ղազախստանի նման ակտիվորեն ներգրավված է այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունների ուսումնասիրման ու կիրառման գործում: Այս առումով, որպես առավել հեռանկարային ուղղություններ դիտվում են արևային էներգետիկան, հիդրոէներգետիկան և գեոթերմալ էներգետիկան:
Հայաստանը ցուցահանդեսին ներկայացել է նաև որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն: Ներկայացված են եղել Հայաստանի մասին պատմող գովազդային տեսահոլովակ ու զբոսաշրջիկների համար անհրաժեշտ տեղեկություններ: Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել նաև համերգով:
Աստանայի ցուցահանդեսը մեկնարկել է հունիսի 10-ին և կտևի մինչև սեպտեմբերի 10-ը: Մասնակցում են 115 պետություններ և 18 միջազգային կազմակերպություններ:
Կազմակերպիչները հուսով են, որ մասնակից երկրները կներկայացնեն էներգախնայողության համաշխարհային լավագույն տեխնոլոգիաները, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման բնագավառում առկա նորագույն մշակումները: Սպասվում է զբոսաշրջիկների մեծ հոսք: Ցուցահանդեսին առանձնահատուկ հետաքրքրություն են հաղորդում մշակութային, ժամանցային բազմազան միջոցառումները և մասնակից երկրների Ազգային օրվան նվիրված տոնակատարությունները:
ЕXPO-2017 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի նախաձեռնողն է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղազախստանի իշխանության կողմից հռչակվել է որպես երկրի «առանցքային նախագծերից մեկը»: 2011թ. Ղազախստանը պաշտոնապես դիմել է ցուցահանդեսի անցկացման հայտով, իսկ 2012թ. ցուցահանդեսի համար ներկայացվել է էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և «կանաչ» տեխնոլոգիաներին նվիրված «Ապագայի էներգիա» խորագիրը (թեման):
2012թ. նոյեմբերի 22-ին տեղի ունեցած գաղտնի քվեարկությամբ Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի 161 անդամ պետություններից 103-ը պաշտպանել է Աստանայի թեկնածությունը:
Ցուցահանդեսի համալիրի շինարարությունը մեկնարկել է 2014թ. ապրիլին: Ցուցահանդեսը զբաղեցնում է 174 հա տարածք: Չորս համահավասար բլոկներում (C 1, C 2, C 3, C 4) տեղադրված ազգային տաղավարները դասավորված են կիսաշրջանաձև՝ Նուր-Ալեմ կոչվող կենտրոնական գնդաձև կառույցից միևնույն հեռավորության վրա: Կառուցվել են նաև մի քանի հազար բնակարան, խոշոր շինություններ' թեմատիկ, կորպորատիվ տաղավարների, առևտրի, ժամանցի, սպասարկման օբյեկտների համար:
Ընդ որում, արդեն հայտնի է, որ Ցուցահանդեսի փակումից հետո հիմնական շինությունները կտրամադրվեն Աստանայի միջազգային ֆինանսական նորաստեղծ կենտրոնին (որը կունենա հատուկ իրավական կարգավիճակ), ինչպես նաև ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծվող Կանաչ էներգետիկայի միջազգային կենտրոնին, IT - ստարտափերին, Job World կրթական կենտրոնին և այլն: Ցուցահանդեսի առթիվ բուն Աստանայում կառուցվել է մոտ երեք տասնյակ հյուրանոց, վերանորոգվել գործողները, գործարկվել երկաթուղային նոր կայարանը և Աստանայի միջազգային օդանավակայանի նոր մասնաշենքը: Ցուցահանդեսի այցելուների անվտանգության ապահովման համար տեղադրված է 2000-ից ավելի տեսադիտարկման խցիկ, ներգրավված է 9 հազար ոստիկան: