«Նարեկացի» արվեստի միությունում մեկնարկեց «Միասին» ծրագիրը
Culture«Նարեկացի» արվեստի միությունում մեծ ոգևորությամբ մեկնարկվեց «Միասին» խորագիրը կրող նոր նախագիծը, որի շրջանակում արվեստով զբաղվող հաշմանդամներն ու հայտնի արվեստագետները կաշխատեն և հանդես կգան համատեղ աշխատանքներով կողք կողքի:
Հետագա միջոցառումներին իրենց մասնակցությունը կցուցաբերեն նաև տվյալ ոլորտի կայացած մասնագետները, որոնց հետ համագործակցության արդյունքում ակնկալվում է, որ նոր ճանապարհներ կբացվեն միջոցառման մասնակից-հերոսների համար, ովքեր արվեստի դաշտ ներգրավվելու, իրենց գունավոր երազանքներն իրականություն դարձնելու և ազատ ստեղծագործելու համար հավասար պայմաններ ունենալու մեծ անհրաժեշտություն ունեն:
- «Միասին» նախագծի իրականացման ընթացքում ՆԱՄ-ը կներկայանա հատուկ միջոցառումների շարքով՝ ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անհատների երաժշտական, նկարչական կամ այլ ոլորտներում հաջողությունների հասած աշխատանքները: Այս փայլող աչքերը չեն կարող աշխատանքում դրական արդյունք չտալ, - միջոցառմանը իր խրախուսող խոսքն ասաց ծրագրի ղեկավար Լուսինե Ազարյանը:
«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը կիսվեց իր հուշերով և նշեց, որ դեռ միության բացման օրից կարևորել է հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ աշխատանքներն ու համագործակցությունը, և պատմեց այն հանդիպման մասին, որը ստիպել է նրան միությունը ամեն կերպ հարմարեցնել հաշմանդամներին:
-Ես շատ հաճախ եմ գնում-գալիս Հայաստան: Ցավոք, ապրում և աշխատում եմ ԱՄՆ-ում:
2004 թվականի սկիզբն էր, երբ «Նարեկացի» արվեստի միության տարածքի շինարարությունները նոր էին սկսվել: Ճամփորդում էի Հայաստանից Նյու Յորք և այստեղի օդանավակայանում հանդիպեցի մի աղջկա՝ Գոհար անունով, ով սայլակով էր: Նա գնում էր՝ մասնակցելու Անգլիայում կայանալիք հաշմանդամների խնդիրներին վերաբերվող համաշխարհային սիմպոզիումին: Իմ ներքին ձայնն ինձ հուշեց, որ ես պետք է խոսեմ այդ աղջկա հետ, և ես պարզեցի, որ նա անգլերեն չգիտի, բայց չնայած դրան՝ մենակ է գնում՝ մասնակցելու այդ սիմպոզիումին: Անմիջապես փոխեցի բոլոր պլաններս ու նրա հետ գնացի Անգլիա: Ամեն քայլափոխին մի հրաշք կամ փորձություն էր տեղի ունենում. շատ բան հասկացա և դեռ հասկանում եմ:
Հասկացա, որ ՆԱՄ-ը պետք է ամեն ինչով հարմարեցված լինի հաշմանդամների համար և ստեղծի բոլոր հնարավորությունները, որպեսզի օգնի նրանց: Այնուհետև իմացա, որ Գոհարիկը «Փարոս» երգչախմբում է երգում և աշխատանք չունի: Ես նրան հրավիրեցի մեզ մոտ՝ աշխատելու: Ես հավատացած եմ, որ Աստված ցանկացավ, որ այս ամենը լինի…,- իր մտքերով կիսվեց Նարեկ Հարությունյանը:
Երեկոյի ժամանակ ելույթներով հանդես եկան ծրագրի մասնակիցները, իսկ ցուցասրահում ներկայացված էին մասնակիցների աշխատանքները:
Աջակից արվեստագետները չէին կարողանում զսպել իրենց ուրախությունն ու մեծ պատրաստակամությամբ սպասում էին հնարավորինս արագ աշխատանքային գործընթացի անցմանը, իսկ համատեղ երգը բոլորին տրամադրեց բուռն, արդյունավետ և միասնական աշխատանքին: