Սանտիրական անձնագրերը կերաշխավորեն, որ սնունդը տեղափոխվել է նախատեսված տրասպորտային միջոցներով. Վահե Դանիելյան
SocietyՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը այսօր հրավիրված ասուլիսին նշեց, որ սեպտեմբերի 1-ից հացաբուլկեղենը եւ միսը տեղափոխվելու են սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով։
«Հացամթերքի եւ մսամթերքի տեղափոխման փուլում ակնառու խնդիրներ կան, ուստի ՍԱՊԾ-ը, ներդնելով այս համակարգը, համաձայն որի՝ շրջանառության մեջ պետք է մտնեն սանիտարական անձնագրեր, թույլ կտա երաշխավորել, որ սնունդը տեղափոխվել է հատուկ նախատեսված տրանսպորտային միջոցներով:
Բացի այդ՝ այս համակարգի շնորհիվ հնարավորություն կլինի վերահսկողություն իրականացնել»,- ORER.news-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց բանախոսը:
«Պետական գնումներով մատակարարումների համար այն կգործի սեպտեմբերի 1-ից, իսկ Երեւանում արդեն նոյեմբերի 1-ից պարտադիր կլինի: Հանրապետության մյուս մարզերի համար համակարգը կգործի փետրվարից»,- ասաց Վահե Դանիելյանը եւ նշեց, որ պարզ ընթացակարգ է ներկայացված:
Հայրենական արտադրանք արտադրող ընկերության գլխավոր տեխնոլոգ Կարեն Պողոսյանն էլ նախաձեռնությունը ողջունելի համարեց:
«Սա ոչ միայն օգուտ է սպառողների, այլ նաև բարեխիղճ արտադրողների համար, եւ գործընթացը վերահսկվելով՝ եւս մեկ անգամ հնարավոր է դառնում սպառողների շրջանում բարձրացնել արտադրողի վստահությունը»,- ասաց նա: