Հայաստանում այս տարի կարտադրվի մոտ 80 հազար տոննա խաղող
EconomicsՀայաստանում արտադրված խաղողը 2017 թվականին կլինի մոտավորապես 80 հազար տոննայի սահմաններում:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:
ՀՀ-ում խաղողի արտադրության ծավալների վերաբերյալ ներկայացված պաշտոնական թվերն արտադրության ծավալների իրական թվերից տարբերվում են:
«Պաշտոնական թվերով գրեթե միշտ այնպես է, որ 200 հազար տոննա խաղող ենք արտադրում, սակայն մեր պոտենցիալն առավելագույնը 100 հազար է, այս թիվը երբեք չի գերազանցվել: Այս տարի խաղողը կլինի մոտավորապես 80 հազար տոննայի սահմաններում, բայց կունենանք 75 հազար տոննա խաղող խմիչքի արտադրության համար: Նվազման պատճառն այն է, որ ֆինանսական խնդիրներ կային, մարդիկ չկարողացան ծածկել այգիները և ցրտահարության պատճառով բերքը քիչ եղավ: Սրանից 10 հազար տոննան վտանգված է, քանի որ կարող է մթերման խնդիր առաջանալ»,- նշեց Ավագ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Կառավարությունը 140 դրամ գին է սահմանել, իսկ սա ռիսկի տակ կդնի մոտ 30 հազար տոննան: Եթե գինը 110 դրամ սահմանվի, ապա ռիսկային կլինի 5-6 տոննան: Գինու ազգային կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն՝ հանձման ամենաօպտիմալ գինը 127 դրամն է: