Ընտանիքի սոցիալական խնդիրները կարող են անդառնալի բացասական ազդեցություն թողնել երեխայի հոգեբանության վրա. Ա. Ադիբեկյան
SocietyՀայաստանում ծնողների 25 տոկոսը խնդիրներ ունի երեխային դպրոցի համար անհրաժեշտ իրերով ապահովելու առումով, հատկապես ձմեռային շրջանում, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ նրա՝ դպրոցին լիարժեք նախապատրաստելու համար ծնողին պետք է 300 դոլար՝ գրենական պիտույքներ, պայուսակ, հագուստ եւ այլ իրեր գնելու համար: «Ֆինանսապես ապահոված ընտանիքների 25 տոկոսը նման խնդիր չունի, իսկ 50 տոկոսը երեխային դպրոցական անհրաժեշտ իրերով ապահովելու առումով որոշակի խնդիրները ունի, սակայն ժամանակի ընթացքում դրանք լուծում են ստանում»,- ասել է Ադիբեկյանը՝ ընդգծելով, որ ընտանիքի սոցիալական խնդիրները կարող են անդառնալի բացասական ազդեցություն թողնել երեխայի հոգեբանության վրա` երեխան իրեն կարող է չզգալ լիարժեք անձ դասարանում եւ մեկուսանալ իր հասակակիցներից: Սոցիոլոգը կարեւորել է նաեւ մանկապարտեզների դերը դպրոցական ռեժիմին հարմարվելու առումով:
«Շատ կարեւոր է երեխային դպրոցին նախապատրաստելը: Մանկապարտեզների դերակատարությունը որոշ ծնողներ չեն գնահատում, իսկ երեխան մանկապարտեզում այդ ամենը սովորում է: Հանրապետությունում 3-6 տարեկան տարիքային խմբում 100 հազար երեխա չի այցելում մանկապարտեզ: Այդ 100 հազար երեխաների համար ժամանակ է պետք, որպեսզի կարողանան հարմարվել դպրոցական ռեժիմին, իսկ դա հետ է գցում երեխային դպրոցական ծրագրից»,- ընդգծել է Ադիբեկյանը: