ՀՀ ոստիկանությունը Լիտվայի հետ համագործակցությամբ երեք մազրում կանցկացնի «Անվտանգ երթևեկություն» միջոցառումը
SocietyՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանն օգոստոսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով հյուրին՝ Սամվել Հովհաննիսյանը ներկայացրեց ճանապարհային ոստիկանության ծառայությունում ընթացող բարեփոխումների ներկա փուլը և այդ գործընթացում կարևորելով այլ երկրների, մասնավորապես՝ Լիտվայի իրավապահների աջակցությունը, ընդգծեց փորձի փոխանակման, փոխադարձ այցելությունների, միմյանց ձեռքբերումներին ծանոթանալու և դրանք կիրառելու անհրաժեշտությունը:
Էրիկաս Պետրիկասը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ փոխգործակցությունն ավանդական է ոչ միայն Լիտվայի ու Հայաստանի իրավապահների, այլև երկու ժողովուրդների համար, ինչը հետագա համագործակցության ընդլայնման երաշխիքներից է:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այս տարվա սեպտեմբերի 4-ից 6-ը Լիտվայի ավտոմոբիլային ճանապարհային տնօրինության պատվիրակության՝ Հայաստան կատարվելիք այցի հետ կապված հարցեր, որի շրջանակներում Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ նախատեսվում է Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում անցկացնել «Անվտանգ երթևեկություն» միջոցառումը: Միջոցառման ընթացքում դպրոցականներին կբաժանվեն ռեֆլեկտոր կապիչներով դպրոցական պայուսակներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող մի շարք այլ հարցեր ևս: