Լիբանանյան շինարարական ընկերության հետ քննարկվել են համագործակցութան հարցեր
EconomicsՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանին և Լիբանանում շինանյութի արտադրման ոլորտում առաջատար համարվող MCIC (Moussawi for Commerce, Industry & Contracting Sal) ընկերության ղեկավար Բաշիր Ալ Մուսսավիին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեից, հանդիպման ընթացքում, որին մասնակցել են Կոմիտեի աշխատակազմի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման և միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության մասնագետները, քննարկվել են լիբանանյան ընկերության հետ հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր:
MCIC ընկերության հիմնադիր Բաշիր Ալ Մուսսավին մանրամասն ներկայացրել է ընկերության գործունեությունը, շուկայում զբաղեցրած դիրքը, ավանդական և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառությամբ մետաղական կոնստրուկցիաների կիրառությունը և այլն:
Արմեն Ղուլարյանը նշել է, որ քաղաքաշինության պետական կոմիտեն կարևորում է նոր գործընկերների ձեռքբերումը և գործնական կապերի հաստատումը: Հանդիպման ավարտին կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակելու և հետագա համագործակցության ուղիները որոշելու համար: