«Բազե»-ում շարունակվում են ներճակատային և միջճակատային մրցույթները
Society«Բազե» համահայկական երիտասարդական հավաքում շարունակվում են ներճակատային և միջճակատային մրցույթները։ Մարզական խաղերը հավաքում անցկացվում են սպորտային ֆեդերացիաների հետ համագործակցաբար. մրցավարներին ներկայացնում են ֆեդերացիաները։ Իսկ մշակութային մրցույթների ժյուրիների կազմում ներգրավված են տվյալ ոլորտների ճանաչված արվեստագետներ։ Ինչպեստեղեկանում ենք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նկարչության մրցույթի ժյուրիի կազմում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը։ Նկարչության մրցույթը միջճակատային է։ Ավետիք Ավետիսյանը երրորդ տարին է՝ «Բազե-նկարչություն» մրցույթի ժյուրիի կազմում է։ Խոսելով հավաքում մրցող նկարիչների և նրանց աշխատանքների մասին՝ Ավետիսյանը նշում է, որ դրանց մակարդակն իրեն գոհացնում է: «Հետաքրքիր է, երբ տեսնում ես, որ Ախալքալաքից եկած երեխան, որ բոլորովին կապ չի ունեցել գեղանկարչության հետ, այստեղ նկարում է ու նկարում է բավականին պրոֆեսիոնալ, շատ գովելի է։ Իմ աչքը շոյեց մի քանի աշխատանք։ Իհարկե, երեխաները դեռ սովորելու բան ունեն, և այս մրցույթն օգնում է նրանց այդ գործում ու շատ բան է տալիս երիտասարդ արվեստագետներին»,- ասաց պարոն Ավետիսյանը։ Նա նաև կոչ արեց երիտասարդ նկարիչներին շատ կարդալ, դա կօգնի նրանց ավելի խորությամբ ընկալել երևույթները։ Ի դեպ, ժյուրիի անդամները նաև խորհուրդներ են տալիս մասնակիցներին, վարպետության դասեր անցկացնում, ինչը հարստացնում է վերջիններիս գիտելիքները։
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքն այս տարի հոբելյանական է. նշվում է 15-ամյակը։ Այն ինտելեկտուալ, մշակութային և սպորտային միջոցառումներով հագեցած երիտասարդական ծրագիր է։