Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա «Օրորներ» կրթական ծրագրի յոթերորդ հանդիպումը
SocietyԿոմիտասի թանգարան-ինստիտուտում օգոստոսի 26-ին ժ. 17.00-ին, տեղի կունենա «Օրորներ» կրթական ծրագրի յոթերորդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան հայ ավանդական օրորոցայիններին, այնուհետև կսովորեն մի քանի երգ:
Ինչպես տեղեկանում ենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպումը կվարի Նայիրի Խաչատուրեանը:
«Օրորներ» կրթական ծրագրի նպատակն է առօրյա կենցաղ վերադարձնել և տարածել հայկական ավանդական օրորոցայինները՝ որպես երեխայի մոտ նախնական գեղագիտական ընկալումներ զարգացնելու, նրա ներդաշնակ հոգեբանական զարգացումը խթանելու, նրան ազգային երաժշտության ավանդույթներին հաղորդակցելու և հայեցի դաստիարակելու կարևոր միջոց:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Օրորներ» կրթական ծրագիրն ԻԿՕՄ-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի «Լավագույն փորձ» կրթական ծրագրերի 2016 թվականի մրցանակաբաշխությունում արժանացել է մրցանակի և ընդգրկվել լավագույն ծրագրերի հնգյակում: