Ո՞վ է ում հարվածել. ՃՈ աշխատակիցներն ու «Մերսեդեսի» ուղեւորները տարբեր բան են պատմում
SocietyԲազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործը:
ՀՔԾ-ից տեղեկանում ենք, որ նախաքննական նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, 2017 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներ Ն. Թ.-ն եւ Ս. Մ.-ն Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի ուղեւորներից երկուսը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իջել են ավտոմեքենայից եւ խոչընդոտել ոստիկանների ծառայողական պարտականությունների կատարմանը` վիճաբանել են Ն. Թ.-ի եւ Ս. Մ.-ի հետ, քաշքշել, հայհոյանքներ տվել եւ հարվածներ հասցրել վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ավտոմեքենայի վերը նշված ուղեւորներից Հ. Ա.-ն իր հերթին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում բացատրությամբ հայտնել է, որ ՃՈ տեսուչ Ս. Մ.-ն էլ իրեն է հարվածներ հասցրել:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: