Տնակում 20 տարի բնակվելուց հետո ևս մեկ բազմազավակ ընտանիք կապրի քարաշեն բնակարանում
SocietyՏնակում 20 տարի բնակվելուց հետո ևս մեկ բազմազավակ ընտանիք կապրի քարաշեն բնակարանում: Քոչարյանների բազմազավակ ընտանիքն ապրում էր 9 մետր երկարությամբ երկաթյա տնակում: Ամուսինները իրենց 4 երեխային փոքրիկ տնակում տեղավորելու համար բոլոր հնարավոր ու անհնար փոփոխություններն արել էին, բայց արդեն անհնար էր այլևս տնակում բնակվել՝ ավագ երեխաները աղջիկներ էին՝ 2 ուսանող, 1 էլ արդեն աշխատում էր, իսկ փոքրիկ 9 տարեկան որդին՝ Միշան չէր կարող իր ընկերներին տուն հրավիրել ու իր մարզական հաջողություններով հպարտանալ: Ընտանիքի հայրը՝ Արիստակես Քոչարյանն ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, վարում է Երևան-Գյումրի միկրոավտոբուսը։ Ընտանիքի մայրը՝ Ժաննա Կարապետյանը, բուժքույր է «Գյումրի» բժշկական կենտրոնում։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Գյումրի քաղաքի տնակներում ապրող ընտանիքներին վերաբնակեցնելու ծրագրի շրջանակում ընտանիքը կտեղափոխվի հիմնովին վերանորոգված և կահավորված բնակարան։ Հիմնադրամի ներկայացուցիչները օգոստոսի 25-ին այցելելով տնակ, որտեղ ապրում էր ընտանիքը, անակնկալ մատուցեցին՝ փոքրիկ Միշային վերնաշապիկի, գլխարկի ու բաժակի հետ միասին նաև բանալի նվիրեցին:
Քոչարյանների ընտանիքը 30-րդն է Գյումրիում, որ տնակից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։ Ընտանիքների վերաբնակեցումը հնարավոր է դարձել 2014-ին Լոս Անջելեսում կայացած Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված ամբողջ գումարի, հետագայում կատարված դրամահավաքների, անհատ բարերարների հանգանակությունների, ինչպես նաև Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսավորման շնորհիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանը:
Բնակարաններն ընտանիքի սեփականությունը չեն դառնում՝ հնարավոր վաճառքից խուսափելու համար, այլ տրվում են անհատույց օգտագործման։ Բնակարան ստանալու առաջնայնությունը տրվում է երիտասարդ կամ բազմազավակ ընտանիքներին։
Արմենուհի Մխոյան