Արա Բաբլոյանը կարևորեց «Բազե» հավաքի կազմակերպումը երիտասարդների դաստիարակության առումով
SocietyԾաղկաձորում անցկացվող «Բազե» համահայկական հավաքին օգոստոսի 25-ին հյուրընկալվեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Ազգային ժողովի նախագահը ծանոթացավ հավաքի կազմակերպման ընթացքին, այնուհետև հանդիպեց բազեականների հետ:
Արա Բաբլոյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ երիտասարդների դաստիարակության առումով կարևորում է նման հավաքի կազմակերպումը:
«Ինձ համար շատ հոգեհարազատ է երիտասարդների կազմակերպվածությունը: Ես ինքս մասնագիտությամբ մանկական բժիշկ եմ ու գտնում եմ, որ այն ինչ անում ենք մանուկների, դեռահասների և երիտասարդների համար՝ ամբողջ կյանքում է մնում իրենց մեջ և իր արդյունքը տալիս է ոչ միայն երջանիկ և բարեկեցիկ մանկություն, դեռահասություն և երիտասարդություն ապահովելու համար, այլ նաև դաստիարակության առումով»,- ընդգծեց Բաբլոյանը:
ԱԺ նախագահի խոսքով՝ նա եկել է ոչ որպես բարձրաստիճան hյուր, այլ որպես բազեականներից մեկը:
«Ես ձեզնից մեկն եմ, հոգով ձեզ հետ եմ և հաջորդ տարի ցանկություն ունեմ մեկ օր անցկացնել «Բազե»-ում, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանամ հավաքի առօրյային»,- նշեց Բաբլոյանը:
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի անցկացվում է օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում է շուրջ 600 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից: «Բազե»-ի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: