Ու՞ր է մտել Ալթունյանի լեզուն
AnalysisArmenia24.info-ը գրում է.
Վաղուց սովորել ենք, որ Հայաստանում չկա ենթակառուցվածքների ու նախարարությունների համակարգված, համագործակցային աշխատանք։ Մենք այս բացառիկ ճշմարտության մեջ համոզվում ենք ամեն օր։ «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած հրդեհը ևս մեկ ապացույց էր այն բանի, որ Առողջապահության նախարարություն կոչվածը «բառադիապետության» մեջ հերթական «բառադի» կառույցն է, որը բացի պետական միջոցները մսխել-լափելուց այլ բանի ընդունակ չէ։
Ներեցեք, մի բանի էլ է ընդունակ։ Կաշառքով ու ծանոթով բժիշկներ ընդունել աշխատանքի, որոնք հետագայում կխաղան մարդկային կյանքերի հետ, ինչպես եղել է բազմիցս։
Այս կառույցի համար մեկ պատասխանատու մենեջերը, տեխնոկրատների կառավարության դեմքերից մեկը, որն անհասկանալի ծագման միլիոնատեր է, բավականին հայտնի դարձավ ծխելու դեմ իր պայքարի տեսլականով։ Իհարկե, Հայաստանի հասարակության զգալի մասը հիշեց այս մարդուն ոչ վայելուչ խոսքերով, բայց դա նրան չի խանգարում ժպտալով մտածել մեր առողջության մասին։
«Նաիրիտն» այրվեց, անհասկանալի ծուխ բաց թողեց, որն այդպես էլ չհասկացանք, վտանգավոր է՞ր, թե ոչ։ ԱԻՆ-ը ինչ-որ հակասական, անիմաստ բացատրություններ էր տալիս, որոնք նմանվում էին դասը լավ չսովորած աշակերտի վարքագծին, իսկ ահա Առողջապահության նախարարությունը չկա ու չկա։
Այդ պորտաբույծ կառույցի ղեկավարն անհասկանալի է, թե ու՞ր էր մտցրել սեփական լեզուն։ Եկենք ընդունենք, որ խոսել կարող էր, առավել ևս, թեման հենց իր սիրելի թեման էր՝ ծուխը։ Բայց նա չխոսեց ու համոզված եղեք չի էլ խոսելու։ Լավագույն դեպքում, մի ինչ-որ նիստից հետո, նրան հարց կտան ու կցկտուր «կռուտիտ» կանի, իսկ հարց տվող լրագրողն էլ ինքնագոհ կբավարարվի։ Հենց այսպես էլ ապրում ենք, մեր սիրած երկրում։
Վահրամ Թոքմաջյան