Կայացավ «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ցուցադրության պատկերագրքի շնորհանդեսը
Culture«Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունը կայացավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ գիտական հոդվածների ժողովածուի և ցուցադրության պատկերագրքի շնորհանդեսը։
Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն ասաց, որ պատկերագիրքը շարունակում է «Հնչյուն և լռություն» ժամանակավոր ցուցադրությունը։ «Այստեղ ևս մեկ անգամ անդրադարձ է կատարվում մեր երաժշտական գործիքներին, դրանց վարպետներին և առհասարակ ուշադրություն սևեռվում երաժշտական պատմությանը։ Վստահ եմ, որ այս թեման շարունակելի կլինի, քանի որ երաժշտական վարպետների աշխատանքն այսօր շատ է գնահատվում»,- նշեց թանգարան-ինստիտուտի տնօրենը և ցանկություն հայնտեց, որ այն վարպետները, ովքեր այսօր ստեղծում են երաժշտական գործիքներ՝ ավելի հաճախ լինեն թանգարաններում և ինտերակտիվ ձևով կրթեն մեր երիտասարդներին, ինչն էլ ինքնաբերաբար կարող է դառնալ ուսուցողական գործընթաց սերունդների համար։
Նրա խոսքով՝ այդ փաստը կհանգեցնի նոր վարպետների, ապագա մասնագետների ի հայտ գալուն։ Ժողովածուն պարունակում է ցուցանմուշների պատկերագիրքը և գիտական հոդվածներ, որտեղ քննարկվում են հայ երաժշտության պատմության մեջ երաժշտին և նվագարաններին առնչվող հիմնախնդիրներ՝ ըստ հնագիտական, մատենագիտական, լեզվաբանական, արվեստաբանական, ազգագրական, մշակութաբանական և այլ աղբյուրների։ Ժողովածուն անդրադառնում է նվագարանների ստեղծման և զարգացման պատմությանը, կենցաղավարմանը, գործառույթներին, մշակութաբանական համատեքստին, լուսաբանում է երաժշտի ու վարպետի դերը պատմության հոլովույթում։
«Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել էր ապրիլի 7-ին։ Ցուցադրությանն իրենց աջակցությունն էին ցուցաբերել ՀՀ մշակույթի նախարարությունը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը, Հայաստանի պատմության թանգարանը, Մաշտոցի անվան Մատենադարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանը, Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի Մատենադարանը։