«Այվազովը ևս մեկ անգամ հաստատեց հավաքականում չխաղալու իր մտադրությունը». Արթուր Պետրոսյան
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն անդրադարձել Անատոլի Այվազովի` ազգային թիմում հանդես չգալու որոշմանը:
«Պետք է խոստովանեմ, որ Անատոլի Այվազովն ունեցել է բոլոր շանսերը Չեռնոգորիայի հետ խաղում հանդես գալ հավաքականի հիմնական կազմում, սակայն խաղից 2 օր առաջ Այվազովը մոտեցավ ինձ և նշեց, որ պատրաստ չէ խաղալու հիմնական կազմում: Ղազախստանի հետ խաղից առաջ Այվազովը կրկին լավ մարզավիճակում էր, սակայն Արսեն Բեգլարյանը ևս բավականին վստահ տեսք ուներ: Բացի դրանից, որոշեցինք չփոխել Չեռնոգորիայի խաղի հաղթական կազմը և վստահեցինք Արսենին: Սենթ-Քիթսի և Նևիսի հետ հանդիպումից առաջ կայացրել էինք հստակ որոշում, որ խաղակեսերից մեկում պետք է խաղա Արսեն Բեգլարյանը, մյուսում՝ Անատոլի Այվազովը, սակայն խաղից առաջ Այվազովը կրկին դիմեց մեզ՝ նշելով, որ չի կարող միանալ հավաքականին, քննություններ ունի հանձնելու, ինչն իր համար շատ կարևոր է: Մենք կրկին ընդառաջեցինք նրան, մինչդեռ Սենթ-Քիթսի հետ իրեն լավ դրսևորելու դեպքում բոլոր հնարավորություններն ուներ Չեռնոգորիայի հետ արտագնա խաղում հայտնվել հիմնական կազմում: Վերջապես, Հայաստանի՝ նոր մեկնարկած առաջնությունում Այվազովը հուսալի և կայուն խաղ է ցուցադրում՝ կրկին լավ շանսեր ստանալով, վերջապես, նշել իր նորամուտն ազգային հավաքականում: Սակայն հանդիպումից մի քանի օր առաջ Այվազովը մեզ տեղեկացրեց, որ չի ուզում հանդես գալ Հայաստանի հավաքականում, քանի որ առաջարկ ունի ինչ-որ ռուսական թիմից: Այվազովը նշեց նաև, որ իրեն հրահանգել են չխաղալ Հայաստանի հավաքականում, քանի որ այդ դեպքում Ռուսաստանում կհամարվի լեգիոներ: Ես անձամբ հեռախոսազրույց ունեցա իր հետ, փորձեցի բացատրել, որ իր կայացրած որոշումը սխալ է, որ Ռուսաստանում խաղալու երաշխիքներ ոչ ոք չի կարող տալ, իսկ հավաքականում հաջող ելույթների դեպքում ավելի լավ թիմ տեղափոխվելու հավանականությունն ավելի մեծ կլինի, սակայն Այվազովն իր որոշումը չփոխեց: Անցավ մի քանի օր, Այվազովը մինչ օրս էլ չի տեղափոխվել որևէ ակումբ, իսկ օրեր առաջ էլ եղավ հարցազրույց կայքերից մեկում, որտեղ նա ևս մեկ անգամ հաստատեց հավաքականում չխաղալու իր մտադրությունը»,- Պետրոսյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:
Պետրոսյանը վերհիշել է, որ իր ամբողջ կարիերայի ընթացքում չի եղել մի ֆուտբոլիստ, ով հրաժարվի հավաքականում հանդես գալ և հաջող կարիերա ունենալ: «Մենք ունենք նույնպես Ռուսաստանում ծնված Արթուր Սարկիսով, Ռուսլան Կորյան, ովքեր ժամանակին չեն վախեցել լեգիոներ դառնալուց, սիրով եկել են հավաքական և ներդրել են իրենց ողջ ուժերը հավաքականում՝ հաճախ խաղալով նաև ցավազրկումներով: Այժմ նրանց միացել է նաև Արմեն Համբարձումյանը: Ես կարծում եմ, որ 21-ամյա դարպասապահը, որը այդքան շանսեր է ստանում, որքան Այվազովը, պետք է երջանիկ լիներ դրա համար և ոչ թե ամեն անգամ մի պատճառ փնտրեր՝ հավաքականում չխաղալու համար: Կարծում եմ նաև, որ այն ֆուտբոլիստը, ով պատրաստ չէ անկախ ամեն ինչից հանդես գալու իր երկրի ազգային հավաքականում, արժանի չէ հավաքականում խաղալուն: Ես շատ հպարտ եմ, որ հիմա հավաքականում ձևավորվել է այնպիսի ջերմ մթնոլորտ և հավաքվել են այնպիսի տղաներ, որոնց համար հավաքականում հանդես գալը վեր է ամեն ինչից: Կարծում եմ, որ ինչպես ցանկացած մարզչի, այդ թվում՝ իմ համար երազանք է եղել գլխավորել հավաքականը, այնպես էլ ցանկացած ֆուտբոլիստի համար պետք է երազանք լիներ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում»,-շեշտել է գլխավոր մարզիչը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսել է նախապատրաստվել սեպտեմբերի 1-ին Ռումինիայի և սեպտեմբերի 4-ին Դանիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին: