Սարգսյանը ստում է
AnalysisԱրդեն սովորություն է դարձել, որ Հայաստանի օրվա իշխանությունները պետք է խաբեն: Նրանք դա մեկ անգամ չէ, որ արել են ու կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ մենք դա կհանդուրժենք: Սակայն սա հարցի մի կողմն է: Խնդրի մյուս կողմը, Հայաստանի միջազգային վարկն ու հեղինակությունն են:
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների առջև ելույթ ունենալով, Սարգսյանը պնդել է, թե այս անգամ ԵՄ հետ համաձայնագիրը կստորագրվի: Խոսքը գնում է ԵՄ հետ Ասոսացման համաձայնագրի այսպես ասած «լայց» տարբերակի մասին: Ավելին, Սարգսյանը նշել է ժամկետներ՝ այս տարվա հոկտեմբեր ամիս:
Նա այս հայտարարությունն անելիս, խոսել մի քանի հանգամանքների մասին, որոնք այլ կերպ, քան սուտ անվանել չես կարող: Այսպես, ԵԱՏՄ-ը մտնելու որոշման մասին արտահայտվելիս, նա շարունակում է պնդել, թե դա մեկ գիշերում կայացված որոշում չէ, այլ երկար բանակցությունների արդյունք: Ինչպես ասում են, այս պարագայում եփած հավն էլ կծիծաղեր: Նա արդեն քանիերորդ անգամ, անում է այս նույն հայտարարությունը, թվացյալ պատիվը փրկելու համար: Հիշեցնենք, որ Սարգսյանի այն ժամանակվա կառավարության ղեկավարը՝ Տիգրան Սարգսյանը, մեկ անգամ չէ, որ նշել է, թե Մաքսային Միությունում Հայաստանն անելիք չունի: Իսկ Սերժ Սարգսյանը, նույն այդ փուլում հայտարարում էր, թե այդ շրջանակի երկրները Հայաստանի անդամակցության հարց անգամ չեն քննարկում:
Գորդոնին տված հարցազրույցում, Միխայիլ Սահակաշվիլին պատմում է, թե ինչպես էր Պուտինը հայհոյում ու ծաղրում ԱՊՀ երկրների ղեկավարներին: Նա համարձակվել է նման կերպ վարվել անգամ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հետ: Էլ ուր մնաց, թե Սերժ Սարգսյանին մի քանի տող չասեր: Իհարկե, հիմա կդժվարանանք ընթերցողին փոխանցել այն բոլոր գեղեցիկ խոսքերը, որոնք Պուտինն ասել է Սարգսյանին այդ չարաբաստիկ գիշերը, բայց արդյունքներն ակնհայտ են՝ նրա իսկ ճնշման տակ, ՀՀ նախագահը փոխել է բանակցված սխեման ու խաբել իր արևտյան գործընկերներին:
Այս ամենի մեջ միայն մեկ հուսադրող բան կա: Սարգսյանն այս ամենն ասում է Սոչիից հետո: Այսինքն, այս թեման, միգուցե դադարել է խանգարել Պուտինին, կամ համաձայնության են եկել, որ եթե Թուրքիան ընդլայնված պայմանագիր կնքի, Սարգսյանն ավել-պակաս չի խոսելու:
Ատոմ Ոսկանյան