«Շիրակի էսքիզներ» հանրապետական պարային 4-րդ մրցույթ-փառատոնը նվիրված է Շերամի 160-ամյակին
Culture«Շիրակի էսքիզներ» հանրապետական պարային 4-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգը նվիրված է ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորող աշուղ Շերամի 160-ամյակին: Փառատոնի մասնակից յուրաքանչյուր համույթի առջեւ խնդիր է դրվել բեմադրել մեկ նոր պարային կատարում՝ Շերամի երաժշտությամբ:
Այս մասին տեղեկացրին փառատոնի կազմկոմիտեից՝ փաստելով, որ Շերամի 160-ամյակին նվիրված 4-րդ գալա-համերգը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում: Այդ նպատակով Գյումրիում կլինեն «Շիրակի էսքիզներ» հեռուստափառատոնի նախորդ 3 եթերաշրջաններում մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր պարային համույթների գեղարվեստական ղեկավարները՝ հանրապետության 4 մարզերի 9 համայնքներից եւ մայրաքաղաք Երեւանից:
«Շիրակի էսքիզներ-4»-ի մրցութային հատվածին մասնակցելու են հանրապետությունում գործունեություն ծավալող մանկապատանեկան պարային խմբերն ու համույթները: Մրցույթը կանցկացվի 3 տարիքային խմբերում՝ 8-12 տարեկաններ, 12-16 և 16-ից բարձր: Մասնագիտական ժյուրին մասնակից պարային համույթներին կգնահատի գնահատման հետեւյալ համակարգով. հագուստի եւ երաժշտության ընտրություն, բեմադրություն և կատարողական վարպետություն:
«Շիրակի էսքիզներ» փառատոն-հեռուստանախագիծը նպատակ ունի մի կողմից բացահայտել մարզում գործող լավագույն պարային համույթներին ու խմբերին, մյուս կողմից՝ նպաստել ազգային պարարվեստի զարգացմանն ու քարոզչությանը: