Հակակարկտային ցանցերի ներդրման ծրագրով գյուղացիներին կտրամադրվեն 2 տոկոսանոց վարկեր
EconomicsՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագրով գյուղացիական տնտեսություններին 2018 թվականին կտրամադրի 700 մլն դրամի վարկային միջոց՝ սուբսիդավորելով այն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ավելացնելով, որ վարկերը գյուղացիներին կտրամադրվեն 2 տոկոս տոկոսադրույքով ու 7 տարի ժամկետով:
«Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ տարեկան շուրջ 1350 հա խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ներդրման համար, հանրապետության այգիների շուրջ 2.4 տոկոսը կպատվի կարկտապաշտպան ցանցաշերտերով, հակակարկտային ցանցեր կիրառած տնտեսավարողների մոտ գրեթե կբացառվի կարկուտի ռիսկը: Ծրագրի արդյունքում կբարելավվի բերքի որակը, կավելանան տնտեսվարողների եկամուտները, կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը, նախադրյալներ կստեղծվեն ընդլայնված ծավալներով ծրագրի իրականացման և այլ տնտեսություններում տվյալ տեխնոլոգիայի ներդրման համար»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց Առաքելյանը:
Ներկայում հակակարկտային կայանքներով պաշտպանված է ՀՀ-ում մշակվող տարածքների շուրջ 8 տոկոսը: Գյուղատնտեսության ապահովագրական համակարգի բացակայության պայմաններում կարկտահարությունների դեպքում երաշխավորված բերքի ու տնտեսավարողների եկամուտների ապահովման համար հուսալի միջոց է հատկապես խաղողի և պտղատու այգիներում կարկտապաշտպան ցանցաշերտերի տեխնոլոգիաների ներդրումը: Ներկայում հանրապետության շուրջ 60-70 հեկտար տարածքներում տեղադրվել են կարկտապաշտպան ցանցեր, որոնց կիրառման արդյունավետությունը կազմում է գրեթե 100 տոկոս:
Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ կարկտապաշտպան ցանցերի ներդրումն է: Դրա արդյունքում պտղատու և խաղողի այգիների կարկուտից արդյունավետ պաշտպանությունն է, տնտեսավարողների եկամուտների պահպանումն ու այգեգործության արդյունավետության բարձրացումն է: