Արդյունաբերության և արտահանման նման աճը խոսում է տնտեսության զարգացման մասին. Սուրեն Կարայան
EconomicsԿառավարության նիստից հետո Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն անդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, ըստ որի՝ 2012-2016 թթ. տնտեսապես ակտիվ բնակչությունը մեր երկրում կրճատվել է 200, իսկ զբաղվածների թիվը՝ 166 հազարով։
Հարցին, թե ինչպե՞ս է այս պայմաններում տնտեսական աճ ապահովվելու, Սուրեն Կարայանը պատասխանեց, որ դրանք տարբեր մակրոտնտեսական ցուցանիշներ են, և իրար փոխկապակցելն այդքան էլ ճիշտ չէ։
«Պարբերաբար, երբ հրապարակվում են մակրոտնտեսական ցուցանիշներ, մենք ուսումնասիրություն ենք կատարում: Ես ճիշտ չեմ համարի մեկնաբանելը, թե 2012-2016 թթ. ընթացքում որքանով է կրճատվել բնակչության թիվը, այլ կոչ կանեմ անդրադառնալ նրան, ինչպես վերջին տարվա ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում: Եթե մենք ուզում ենք խոսել տնտեսության և զարգացման ուղղությունների վերաբերյալ, պետք է վերցնենք այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք վերաբերում են երկրի տնտեսական զարգացմանը»,- Արմենպրեսի փոխանցմամբ, ասաց Կարայանը՝ ավելացնելով, որ դա առաջին հերթին համախառն ներքին արդյունքի աճն է, արտահանման աճը, արդյունաբերության աճը և մյուս ցուցանիշները:
Նախարարը նշեց, որ համաձայն չէ պնդմանը, թե քաղաքացին կառավարության մեկ տարվա գործունեությունից որևէ առաջընթաց չի նկատել: «Մեր կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայությունը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե այդ թվերը նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ էլ էին հրապարակվում, նախարարն արձագանքեց. «Բայց երբևէ տեսե՞լ եք, որ արդյունաբերության, արտահանման նման աճ լինի, դա խոսում է այն մասին, որ տնտեսությունը զարգացել է»:
Կարայանի խոսքով, քաղաքացին իր մաշկի վրա, բնականաբար, դա զգում է, քանի որ ստեղծվել են նոր աշխատատեղեր, զբոսաշրջության մեծ աճ ունենք, հատկապես վերամշակող արդյունաբերության մասով առաջին 7 ամսվա ընթացքում արձանագրվել է երկնիշ աճ, կուտակային աճը կազմում է 12.7 տոկոս, որն, ըստ նախարարի, բավականին լուրջ աճ է: «Այդ բոլոր միտումները չեն կարող չնկատվել և չեն կարող չազդել բնակչության վրա»,- ասաց նախարարը: