«Ֆրեսկո»-ի մասնակիցները երկար կյանք են մաղթել ֆիլմերի հայաստանյան փառատոնին
CultureՕրեր շարունակ արվեստասերների առօրյան հարստացրած «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի մասնակիցներին օգոստոսի 31-ին հուշանվերներ հանձնվեցին: Հանձնման արարողությունից հետո փառատոնի մասնակիցներն ու կազմակերպիչները լրագրողների հետ խոսեցին փառատոնի ձեռքբերումների, դերի և նշանակության մասին:
«Սա բարության փառատոն է: Այն տեսախցիկները, որոնք իմ առաջ են հիմա, հավանաբար բազմաթիվ դաժան կադրեր են ֆիքսել, իսկ այսօր դրանք բարին են նկարում, ու ես անկեղծորեն շնորհակալ եմ այս փառատոնի կազմակերպինչներին և մասնակիցներին բոլորիս նման դրական ու պայծառ օրեր նվիրելու համար»,- նշեց փառատոնի՝ Իսրայելից Հայաստան ժամանած մասնակից Դմիտրի Բրիկմանը:
Կանադայի ֆրանսիական հատվածից ժամանած կինոռեժիսոր Պասկալ Ժելինասի խոսքով` ինքըն ավելի քան հիսուն տարի զբաղվում է կինոարտադրությամբ և բազմաթիվ փառատոնների է մասնակցել, սակայն «Ֆրեսկո»-ն իրեն շատ-շատ է դուր եկել:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել փառատոնի ողջ թիմին ինձ հյուրընկալելու համար: Նրանք Հայաստան հրավիրեցին մի ծերուկի, ով քիչ բան գիտեր այս երկրի մասին: Այստեղ կարողացա գտնել այն աղբյուրը, որի զուլալ ջուրն ինձ թարմություն տվեց: Փառատոնին տեսա համերաշխություն, համագործակցելու կարողություն, միասնություն: Երկար կյանք եմ մաղթում «ֆրեսկո»-ին ու Հայաստանին»,-եզրափակեց ռեժիսորը:
Լրագրողների հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ ճապոնացի հայտնի լուսանկարիչ Հայատո Մացումոտոյի վարպետության դասը, ցուցադրվեց «Ճապոնիայի հակադրությունը» կինոնկարը:
Փառատոնի մեկնարկը տրվել էր օգոստոսի 25-ին Կարապի լճի տարածքում: Միջոցառումների ընթացքում անցկացվել են ֆիլմերի դիտումներ, համերգներ, հանդիպումներ կինոգործիչների հետ: Կազմակերպվել են նաև բացօթյա դիտումներ Երևանի այլ մասերում: Ցուցադրություններ և վարպետության դասեր են անցկացվել Լոռու մարզում՝ Սանահինում, Հաղպատում, Քոբայրում: Փառատոնի ընթացքում ցուցադրված բոլոր կինոնկարներն անդրադարձել են էկոլոգիական աղետների, միգրացիայի, ընտանեկան և այլ խնդիրների: