Երբ հոգևորականը խառնվում է աշխարհիկ գործին, պետության վախճանը մոտ է
AnalysisԵթե խորհրդային պետությունն ուներ գոնե մեկ դրական գիծ, ապա դա հոգևորականների ախորժակը զսպելն էր ու նրանց հեռու պահելը քաղաքականությունից: Անկախացումից հետո, մեզանում այդ սկզբունքը խախտվեց: Սահմանադրությամբ Հայաստանն աշխարհիկ պետություն է, սակայն Էջմիածնի վեղարավորները խառնվում են կյանքի բոլոր ոլորտներին:
Կրթության մեջ նրանք վաղուց արմատացել են, այնպիսի շինծու առարկայի տեսքով, ինչպիսին այսպես ասած Հայ եկեղեցու պատմությունն է: Չկա միջոցառում կամ պետական որևէ ձեռնարկ, որտեղ առաջին շարքում կանգնած չլինեն սևազգեստ այրերը:
Վաղուց արդեն պրակտիկա է դարձել, նրանց ներառել այս կամ այն համակարգի կառավարման խորհուրդներում: Դրանք հիմնականում կրթական հիմնարկներն են: Սակայն այս շարքից վատթարագույնը հոգևորականների ներառումն է բանակում, ինչը մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է: Էլ չասենք այն բանի մասին, որ նրանք փող են ստանում բյուջեից: Սա նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի մտքի փայլուն արգասիքն էր, ով ի դեպ, վեղարավորի շորեր հագած պատարագ էր մատուցում: Պատմության օրինաչափությունը ցույց է տալիս, որ հայկական պետականությունները կործանվում են հատկապես այն ժամանակ, երբ եկեղեցին շատ է խառնվում պետական գործերին: Իսկ ինչպես տեսնում ենք, այն ոչ միայն խառնվում է, այլ նաև սկսում է իր կամքը թելադրել:
Այս շարքից վերջին մառազմը Բագրատ Սրբազան կոչվող այրի խոսքն էր «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» հետ կապված: Նախ մի քանի խոսք այդ ռազմական վարժարանների մասին: Դրանք միտված են տալու կրթված սպաներ, սակայն վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ պատանիները, ռազմական գործին զուգահեռ, այդ վարժարաններում սովորում են նաև գողական կյանքի հիմունքներ ու այդ փորձը կիրառում են բանակում:
Հիմա, Բագրատ Սրբազանն ասում է, որ պետք է ունենանք առաքինի մարդիկ: Նախ ոչ մեկ չի սահմանել, թե ինչ է ասել առաքինի և երկրորդ, եթե խոսքը հանրային ընկալման ստանդարտ առաքինությունների մասին է, ապա լավ կլինի, հոգևորականներն իրենցից սկսեն:
Գրիգոր Ոսկեբերան