Կոռուպցիան սահմաններ չի ճանաչում. ինչպես փող աշխատել դիակների հաշվին
AnalysisԱռավոտը երեկ գրել էր, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով խարդախությամբ գումար հափշտակելու կասկածանքով երեկ ձերբակալվել է Գյումրու քաղաքապետարանի «Հավերժ Հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Կոստիկ Սարգիսի Ավետիսյանը։ Կասկածյալը ձերբակալվել է մեկ այլ գործի քննության շրջանակներում, որը վերաբերում էր գերեզմաններից մեկից թաղված դագաղը հանելու և մեկ այլ թաղում կազմակերպելուն: Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությունում ասված է, որ Գյումրի քաղաքի բնակչուհիներից մեկը հաղորդում է տվել այն մասին, որ հայրը մահացել է 27.03.2013թ. և հուղարկավորվել Գյումրու թիվ 2 գերեզմանատանը գտնվող իրենց ընտանեկան գերեզմանոցում, որտեղ ինքը վերջին անգամ այցելել է 2016թ. մայիսին: 2017թ. օգոստոսի 22-ին, այցելելով ընտանեկան գերեզմանոց, պարզել է, որ այնտեղ հուղարկավորված է մեկ այլ անձ, իսկ գերեզմանի տեղում կառուցված է նոր գերեզման: Այնուհետ, իրավապահները պարզել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, բացահայտել հանցավոր այլ դրսևորումներ։ Մասնավորապես, նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՓԲԸ ընկերության տնօրենը նշված գերեզմանի տարածքը 2016թ. հոկտեմբերին հատկացրել է մեկ այլ քաղաքացուհու հուղարկավորության համար՝ պահանջելով որոշակի գումար։
Այն, որ գերեզմանատներում տարածք տրամադրելու համար մեծ գումարներ են վճարվում, կարծում ենք, գաղտնիք չէ: Ավելին, նմանատիպ հուզիչ անվանումներով ընկերությունները գումար են պահանջում նաև այն ժամանակ, երբ արդեն իսկ ընտանիքին պատկանող գերեզմանատանը պիտի թաղում արվի և տրամադրում են կասկածելի բովանդակությամբ, բայց կնիքով թերթիկներ: Բայց այս դեպքում փող աշխատելու մոլուցքը հասել է գագաթնակետին և տարածքը թանկով վաճառելու համար չեն վարանել ու թաղումը տեղափոխել են՝ մեկ այլ թաղում իրականացնելու համար:
Մահացածների հաշվին ընտրություններում ձայն հավաքելու տեխնոլոգիաներին արդեն ծանոթ էինք: Ծանոթ էինք նաև գերեզմանատներում էլիտար տարածքների համար շրջանառվող գումարների մասին խոսակցություններին: Բայց այս մեկն արդեն դուրս է բարոյականության բոլոր սահմաններից: Այս առիթով դժվար չէ հիշել նաև վերջին շրջանում տարբեր եկեղեցիների մոտակայքում արվող թաղումները: Ստացվում է այնպես, որ հասարակության մի մասի ՝ իրենց հանգուցյալներին հնարավորինս ճոխ թաղելու և համապատասխան մարմինների ՝ տարածքը թանկով վաճառելու ձգտումները ներդաշնակորեն խաչվում են իրար ու ունենում ենք նման զարհուրելի պատմություններ:
Սարգիս Մեսրոպյան