Երբ գալիս է սեպտեմբերը
AnalysisՆորից եկավ սեպտեմբերի 1-ը: Դրսում տոնական տրամադրություն է: Գեղեցիկ հագնված երեխաներ, ուրախ ծնողներ, փուչիկներ, երաժշտություն: Բոլորը բոլորին շնորհավորում են: Իսկապես, առանձին վերցրած, այս օրը շատ ուրախ ու հուսադրող է թվում: Բայց ցավոք միայն այս օրը: Որովհետև, ինչպես սեպտեմբերի 1-ը, ինչպես վերջին զանգն ու համալսարան ընդունվել, հուսադրող ու գեղեցիկ է միայն առաջին օրը, երբ անելիքներ չկան, ու կա միայն ուրախանալու առիթ: Իսկ հայերը ուրախանալ սիրում են և կարող են: Բայց, ցավոք, միայն ուրախանալ:
Առաջին ուրախալի օրերից հետո սկսվում է ուսումնական պրոցեսը, որը, բացի ուսուցիչ-աշակերտ, դասախոս-ուսանող հարաբերություններից, կախված է այլ հանգամանքներից ևս ՝ կրթական համակարգ, կրթություն-գիտություն կապ, դասագրքեր, կրթության ոլորտում քաղաքականություն, կրթության ֆինանսավորում, դպրոցի և համալսարանների ադմինիստրատիվ կառույցների աշխատանք: Եվ հենց այստեղ է, որ ուրախության պատճառներն ավարտվում են, ու սկսվում են խնդիրները:
Կարիք չկա պատմելու այն մասին, թե որն է լինում դպրոցական կրթության վերջնարդյունքը: Ռազմահայրենասիրական դաստիարակության քողի տակ ինչպես է այն դառնում կուսակցական գործիք: Կարիք չկա երկար խոսել համալսարանների ուսխորհրդների ձևավորմն առանձնահատկությունների մասին: Եվ այս ամենը ընդհանուր ամփոփվում է կրթության ֆինանսավորման հանդեպ իշխանությունների` արդեն բացահայտ քամահրական վերաբերմունքով:
Երբ գալիս է սեպտեմբերը, մեկնարկում է նոր ուսումնական տարին, կրթության ոլորտի խնդիրները մտնում են նույն փակ շրջափուլ և դուրս չեն գալիս այնտեղից: Այդ խնդիրները չեն լուծվում: Դժվար էլ լուծվեն, որովհետև առանձին կրթության ոլորտը չի կարող բարեփոխվել, եթե չկա համակարգային փոփոխություն ընդհանրապես: Այնպես որ, մնում է ուրախանալ միայն այս օրով ու դրա գեղեցիկ պահերով:
Սարգիս Մեսրոպյան