Տրանսպորտի նախարարությունում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ
SocietyՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնեցին ԱԻՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն իրականացվել է մարդկանց տարհանում:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ժամը 12:38-ին տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Իր հերթին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի օրակարգից հանվել է Տրանսպորտի, կապի եւ նախարարությանը վերաբերող հարցերը: A1plus.am-ի փոխանցմամբ, հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտնել է, որ նախարարության շենքում ըստ ահազանգի՝ ռումբ է տեղադրված, հայտարարված է արտակարգ դրություն, ամբողջ անձնակազմը տարհանված է, և այդ պատճառով նախարարությունից որևէ մեկը ներկա չէ նիստին։