Լոս Անջելեսի շրջանում բնական հրդեհների պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել
SocietyՔալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը Լոս Անջելեսի շրջանում արտակարգ իրավիճակ է հայտարարել նույնանուն քաղաքից հյուսիս անտառային հրդեհների պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ «Ռեյթերը» հայտնել էր, որ անտառային հրդեհների ընդհանուր մակերեսը հասել է 3,5 հազար հեկտարի: Իշխանությունները տարհանել են 700 տների բնակիչներին:
«Քանի որ սեպտեմբերի 1-ին Լոս Անջելեսի շրջանում սկսված հրդեհը սրընթաց տարածվում էր հազարավոր ակրերով ու դեռեւս շարունակվում է, քանի որ կրակը սպառնում է հազարավոր տների ու այլ կառույցների եւ հանգեցրել է քաղաքացիների տարհանմանը…ես Լոս Անջելեսի շրջանում արտակարգ իրավիճակի ռեժիմ եմ հայտարարում»,- նշված է նահանգապետի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նա նշել է, որ հրդեհի հետեւանքով փակվել են ավտոմայրուղիները եւ տեղական ճանապարհները, իսկ եղանակային պայմանները եւ բարձր ջերմաստիճանը մեծացնում են կրակի հետագա տարածման հավանականությունը:
Կրակի մարմանը մասնակցում են հազարից ավելի հրշեջներ: