Վարդան Պողոսյանի աշխատանքների ցուցահանդեսին ներկայացվեց մոտ 40 նկար
CultureԳեղանկարիչ Վարդան Պողոսյանի աշխատանքների ցուցահանդեսին ներկայացվեց մոտ 40 նկար: Սեպտեմբերի 4-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կայացավ գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Վարդան Պողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը:
«Շատ հետաքրքիր է մարդկանց շփումն այդ աշխարհի հետ։ Ոմանք ընկալում են նկարչի պատկերները ճիշտ այնպես, ինչպես հեղինակն է այն ցանկացել մատուցել, ոմանք էլ նոր մոտիվներ, տարրեր են նկատում»,- ասաց հեղինակը:
Վարդան Պողոսյանը նշեց, որ ինչ իրեն հիշում է, նկարում է. «երբ գունավոր մատիտ տեսա, այդ ժամանակից էլ նկարում եմ»։
Նկարչությունը Վարդան Պողոսյանի համար յուրատեսակ մի աշխարհ է, որտեղ ապրում է, արարում, հաճույք, հանգստություն ստանում նոր բան ստեղծելու գործընթացից:
Նա նշում է, որ յուրաքանչյուր նկարիչ իր անհատական ոճով է ստեղծագործում։ Ըստ նրա՝ դիտողը նկարների մեջ հետաքրքրություն է փնտրում: Եթե առանձնահատուկ բան գտնի, այդ հետաքրքրությունը նրա համար պատուհան կդառնա և կմտնի նկարչի ապրումների աշխարհ:
Նկարչի խոսքով՝ տարբեր շրջաններում տարբեր նախասիրություններ է ունեցել նկարչության մեջ: «Կար փուլ, որ ավելի շատ հետաքրքրված էի իմպրեսիոնիստներով, հետո՝ դասական, վերածննդի դարաշրջանի հեղինակներով, ռեալիստներով։ Եվ որքան մեծանում ես, այնքան ավելի շատ ես հակվում դեպի մոդեռնիզմ»,-ասաց նա։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վարդան Պողոսյանի ուսանողները, արվեստագետներ, արվեստասերներ։
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանն ընդգծեց, որ Վարդան Պողոսյանը ժամանակակից կերպարվեստի լավագույն ներկայացուցիչներից է։ Ըստ նրա՝ արվեստագետների համար այսօր բավականին բարդ է ցուցադրվելը, ուստի գովելի է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը երիտասարդ արվեստագետներին այդ հնարավորությունը տալիս է։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մշտապես աջակցում է երիտասարդ արվեստագետներին, և առաջին անգամ չէ, որ ներկայացնում է Վարդան Պողոսյանի աշխատանքները։
«Նկարչի համար դրսևորվելու լավագույն ձևը աշխատանքները հանրությանը ներկայացնելն է, ցուցահանդեսներ կազմակերպելը։ Մենք ստեղծել ենք բոլոր հարմարությունները, որպեսզի, օգտագործելով այս սրահը, նրանք հաղորդակցվեն արվեստասերների հետ»,- ասաց Կարեն Ավագյանը:
ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն առանձնացրեց այն փաստը, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հնարավորություն է տալիս ներկայացնելու արվեստագետներին իրենց ստեղծագործական մտքի թռիչքը։ Նա, շնորհավորելով նկարների հեղինակին, մաղթեց ստեղծագործական նոր վերելք և կարևորեց, որպեսզի նրա աշխատանքները լայնածավալ դիտումների արժանանան ամենատարբեր հարթակներում։