«Ընտրանի» խորագրով ցուցահանդեսին ներկայացվեցին հայ արվեստի լավագույն նմուշները
CultureՄինաս Ավետիսյանի, Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Գառզույի, Արշիլ Գորկուի, Ռոբերտ Էլիբեկյանի, Լևոն Թութունջյանի, Երվանդ Քոչարի և այլ հայ մեծանուն նկարիչների ստեղծագործությունները ներկայացվեցին մեկ հարթակում: «Ընտրանի» խորագրով ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 5-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Ցուցանմուշները բացառապես մասնավոր հավաքածուներից են:
«Ցուցահանդեսը մեծ բիզնես ձեռնարկի իրականացման առաջին քայլն է, որի նպատակը հայ կերպարվեստն աշխարհին ճանաչելի դարձնելն է: Հեռանկարում նախատեսում ենք ոչ միայն ցուցահանդեսներ բացել, այլև հրատարակել կատալոգներ և կազմակերպել աճուրդներ: Առաջին աճուրդը կկայանա այս տարվա դեկտեմբերին»,- նշեց «Հայ կոլեկցիոներներ»-ի ակումբի հիմնադիր-տնօրեն Աննա Գրիգորյանը:
Նա շեշտեց, որ մի շարք կտավներ առաջին անգամ են ցուցադրվում:
Օրինակ՝ Դմիտրի Նալբանդյանի «Հայկական հովիտ» ստեղծագործությունը, Սարգիս Դիրանյանի «Հարեմ», Գևորգ Բաշինջաղյանի «Դարիալի կիրճը գիշերով» և այլ գործեր: «Մեկ շաբաթ առաջ Հայաստան է բերվել Երվանդ Քոչարի 1959 թվականին նկարված «Պառկած կինը» աշխատանքը, որը երկար տարիներ ցուցադրվել է Փարիզում»,- ասաց Գրիգորյանը:
Ժամանակակից արվեստի թանգարանի փոխտնօրեն Զառա Այռումյանի խոսքով՝ կան կտավներ, որոնք ինքը շատ է սիրում և կան նկարներ, որոնք այնքան էլ իրենը չեն, սակայն ցուցադրված բոլոր գործերն էլ հիասքանչ են:
«Ինձ ավելի մոտ են Մինաս Ավետիսյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Գառզուի գործերը, որոնք հայ մոդեռնի դասականներ են և արդեն 40 տարի մեր թանգարանի էքսպոզիցիան են կազմում: Հաճելի է, որ 60-ականների նկարիչները բարձր են գնահատվում ու դրվում են Այվազովսկու, Թութունջյանի, Գորկու կողքին»,- ասաց փոխտնօրենը:
Միջոցառումը կազմակերպել էին «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը և «Հայ կոլեկցիոներների ակումբ»-ը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչը սեպտեմբերի 25-ը:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: