ԱՄՆ-ն Հայաստանին կօգնի գնահատել Բյուրականում և Խոսրովի արգելոցում հրդեհների հասցրած վնասը․ նախարար
EconomicsԱՄՆ-ն Հայաստանին կօգնի Բյուրականում եւ «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհների հասցրած վնասը գնահատելու հարցում։ Այս մասին սեպտեմբերի 6-ին՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ Բյուրական գյուղի մոտ հրդեհից վնասված տարածքի հստակ չափը պետք է պարզել։ Այն գրեթե ամբողջությամբ մարել են, սակայն հրդեհների օջախում մասնակի կամ ամբողջությամբ պահպանված կղզյակներ են մնացել։ Նախնական տվյալներով՝ այստեղ շուրջ 20 հեկտար տարածք է այրվել։
Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ անտառային ծառայության (United States Forest Service) մասնագետները Հայաստան կժամանեն։ Նրանք կօգնեն գնահատել «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհի հասցրած վնասը, որտեղ շուրջ 2 հազար հեկտար անտառ է այրվել։ Մոտավոր գնահատական (2200 հա) ամերիկացի գործընկերներն արդեն տվել են։ Սակայն հայկական կողմի համաձայն՝ 1700 հեկտարից մի փոքր ավելի տարածք է այրվել։
Պետք է պարզել նաեւ այն, թե ինչպիսի ծառատեսակներ են այրվել։ Մասնավորապես՝ պետք է ուշադրություն դարձնել գիհու թփուտներին, որոնք բավական դանդաղ են վերականգնվում։ Իսկ արգելոցները միշտ չէ, որ հնարավոր է արհեստականորեն վերականգնել․ այս հարցում մարդու միջամտությունը սահմանափակ պետք է լինի։ «Բայց հույս ունենք, որ ամերիկացի գործընկերների հետ մի քանի հատված կընտրենք եւ կփորձենք դրանք վերականգնել հետազոտական նպատակներով»,-նկատեց Մինասյանը։
Վերջապես, պետք է պարզել՝ արդյոք հրդեհը լատենտ կարգով չի՞ տարածվում։ Արգելոցի շուրջ եւ արգելոցում այրվել են նաեւ տորֆաճահիճները։ Այդ պատճառով հրդեհը դրանցից ծառարմատներին կարող էր անցնել։ «Իսկ եթերայուղով հարուստ գիհու համար դա շատ վտանգավոր է»,-նկատեց նախարարը։
Նա հավելեց, որ վերականգնողական աշխատանքները պետք է իրականացնել պետբյուջեի միջոցներով։