Պատանի շախմատիստները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
SportՌումինիայի Մամայա քաղաքում մեկնարկեց Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին Հայաստանը մասնակցում է մեծ կազմով. մեր պատվիրակության մեջ են 36 շախմատիստ: Հայաստանը ներկայացնող մասնակիցների թվում են աշխարհի 2016 թվականի Մ 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ով այս տարի հանդես կգա Մ 18 տարեկանների առաջնությունում, և Եվրոպայի 2016 թվականի Մ 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը, ով հանդես կգա Մ 14 տարեկանների ենթախմբում:
Երեկ տեղի ունեցավ մրցաշարի առաջին տուրը: Մեկնարկային տուրում հաճելի անակնկալ մատուցեց մինչև 14 տարեկանների խմբում հանդես եկող Ալեն Երեմյանը: Մեր շախմատիստը լարված պայքարում առավելության հասավ այս ենթախմբում առաջին համարի տակ խաղացող Թուրքիայի ներկայացուցիչ Օզենիր Էկին Բարիսի նկատմամբ:
Մրցաշարում անհաջող մեկնարկեց մինչև 18 տարեկանների խմբում առաջին համարի տակ հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը, ով պարտվեց Մակեդոնիան ներկայացնող Տոնի Լազովին: Ընդհանուր առմամբ մեր 36 պատվիրակներից 19-ը հաղթանակներ տոնեցին, 6-ը իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ, իսկ 11 շախմատիստ պարտվեցին:
Մեկնարկային տուրում Հայաստանի պատանի շախմատիստներին քաջալերելու էր եկել Ռումինիայում Հայաստանի փոխհյուպատոս Արամ Գրիգորյանը: