Ֆրանսիական կազմակերպության միջոցներով Գեղարքունիքում բուժկետեր են հիմնանորոգվում
SocietyԳեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակում և ֆրանսիական «Բժշկական օնություն ու զարգացում» կազմակերպության միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում Գեղարքունիքի մարզի Փամբակ, Արեգունի, Արփունք և Նորակերտ համայնքների բուժկետերի շենքերում:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության ներկայացուցիչ Ժան Պոլ Մասնադային, ով մարզի ղեկավարին է ներկայացրել 2017 թվականին իրենց կազմակերպության միջոցներով մարզի առողջապահական հիմնարկներում իրականացվող աշխատանքների ընթացքը:
Ըստ ֆրանսիական կողմի ներկայացուցչի՝ կազմակերպությունն այս տարի ներդրումային ծրագիր է իրականացրել Վարդենիսի տարածաշրջանի Նորակերտ, Արփունք, Արեգունի և Փամբակ համայնքների բուժկետերում, որտեղ վերանորոգվել են տանիքները, փոխվել դռներն ու պատուհանները, կատարվել ներքին հարդարման, սանհանգույցների կառուցման, ենթակառուցվածքների անցկացման, որոշակի գույքի ձեռքբերման աշխատանքներ:
Ծրագրի իրականացման համար ներդրվել է մոտ 15 հազար եվրո: Ժան Պոլ Մասնադան, խոսելով իրականացված աշխատանքների որակի և շինարարական չափանիշների պահպանման մասին՝ հավաստիացրել է, որ մինչև այս տարվա հոկտեմբերի 10-ն աշխատանքներն ամբողջությամբ ավարտին կհասցվեն:
Կողմերը քննարկել են նաև նշված բուժկետերում ջեռուցման համակարգերի անցկացման հարցը: Համագործակցության շրջանակում ֆրանսիական կողմն այս տարի նաև գույք է նվիրաբերել Գագարինավանի մանկապարտեզին: