Խաղողի պահանջարկն այս տարի մեծ է. մթերման միջին գինը սահմանվել է 130 դրամ
EconomicsՀանրապետությունում սեպտեմբերի 8-ի դրությամբ մթերվել է 35 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի մոտ 3000 տոննա ավելի պտուղ-բանջարեղեն է մթերվել: Հանրապետությունից սեպտեմբերի 8-ի դրությամբ արտահանվել է 78 հազար տոննա պտուղ-բանջաղեն: Հիմնական մասը` 74 հազար տոննան, արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, 350 տոննան Վրաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ասաց, որ մթերման եւ արտահանման աշխատանքները շարունակվում են: «Հիմա մենք ակտիվորեն պատրաստվում ենք խաղողի մթերմանը: Վերամշակողները այս տարի պատրաստ են մինչեւ 140 հազար տոննա խաղող ընդունել»,-ասաց նա:
Մակարյանի խոսքով` խաղողի պահանջարկն այս տարի բավական մեծ է, եւ մթերման գինն էլ կապված է ոչ միայն պահանջարկից, այլեւ խաղողի որակից: «Արդեն 1400 տոննա խաղող է մթերվել: Միջին գինը այս տարի եւս 130 դրամ է սահմանված: Մթերումներն արդեն սկսել է երեք ընկերություն»,-ասաց նա:
Նախարարի տեղակալը նշեց, որ անցած տարվանից խաղողի մթերման հետ կապված դեռեւս 84.3 միլիոն դրամի պարտք կա: «Ամենախնդրահարույցը մնում է «Վինար» ընկերությունը, որը դեռեւս 30 միլիոն դրամի պարտք ունի»,-նշեց բանախոսը՝ հավելելով, որ մթերման գործընթացը հարթ եւ առանց խոչընդոտների, իսկ հերթերի կազմակերպման համար վերահսկողություն կիրականացվի: