ԱՄՆ-ն շարունակում է ճնշումը Թուրքիայի վրա
AnalysisԻրաքյան ճգնաժամից հետո ակնհայտ էր դառնում ճեղքումը ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում։ Ժամանակը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն սկսել է հրաժարվել Թուրքիայի՝ տարածաշրջանային «շերիֆի» գործառույթից։ Սիրիական ճգնաժամի ընթացքում, որքան էլ Թուրքիան առաջ է տանում ԱՄՆ-ի քաղաքական գիծը, ամեն դեպքում ավելի շատ նյութակայն օգնություն է քաղում, քան սպասվում էր։ Սա շատ լավ հասկանում են ԱՄՆ-ում։ Նրանք ամենատարբեր առիթներն օգտագործում են Թուրքիայի վրա ճնշումներ բանեցնելու նպատակով։
Այս համատեքստում, մայիսի 16-ին, Էրդողանի թիկնազորի պահվածքը լավագույն առիթն էր այդ ճնշումները խստացնելու։ Բացի այն, որ ամերիկացիները մի քանի խիստ որոշումներ կայացրեցին, նրանք դա օգտագործեցին նաև հստակ քաղաքական մեսիջներ հղելու նպատակով։
Այսպես, ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հանձնաժողովն աջակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությանը ԱՄՆ իշխանությունների կողմից զենքի մատակարարումն արգելող նախաձեռնությանը, հայտնում է NY Times–ը։
Համապատասխան փոփոխությունը կներառվի 2018 ֆինանսական տարում ԱՄՆ ԱԳՆ գործունեության ֆինանսավորման մասին օրինագծում։ Դրա հեղինակներն են դեմոկրատ սենատորներ Քրիս Վան Հոլլեն ու Պատրիկ Լիհին։
Սենատոր Քրիս Վան Հոլլենը նշել է. «Մենք չենք պատրաստվում նախագահ Էրդողանի անձնական թիկնապահներին թույլ տալ հարձակվել Ամերիկայի տարածքում ամերիկացի խաղաղ ցուցարարների վրա»։
Հիշեցնենք, որ 19 անձանց, այդ թվում՝ Էրդողանի 15 թիկնապահների մեղադրանք է ներկայացվել Վաշինգթոնում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու համար։
Իհարկե, ԱՄՆ համապատասխան մարմինները կարող էին պարզապես կոշտ դիրքորոշում արտահայտել Թուրքիայի նախագահի թիկնազորի գործողությունների անթույլատրելիության մասին։ Սակայն, ինչպես տեսնում ենք, նրանք չեն բավարարվել հայտարարություններով և անում են կոնկրետ գործողություններ։ Գործողություններ, որոնք ուղղված են ոչ ավել, ոչ պակաս՝ Էրդողանի դեմ։
Թվում է, թե մի քանի տարի առաջ առասպելի նմանվող Քուրդիստանն այսօր արդեն մոտենում է իրականության։
Ատոմ Ոսկանյան, Orer.am, վերլուծաբան