IWF-ի նախագահը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա
SportՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական նամակ է ստացել միջազգային ֆեդերացիայի նախագահ Տամաշ Այանից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: IWF-ի նախագահը նշել է, որ 2017 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին որակազրկելու տեղեկությունն առայժմ ոչ պաշտոնական է: Նամակում մասնավորապես նշված է.
«Մենք արդեն տեղեկացրել էինք 2016 թվականի հունիսի 22-ին Թբիլիսիում կայացած ժողովում ընդունված որոշման մասին: Ըստ այդ որոշման, պատժամիջոցներ պետք է կիրառել այն հավաքականների նկատմամբ, որոնց երեք եւ ավելի մարզիկների դոպինգ թեստերը դրական արդյունք են ունեցել 2008 թ. եւ 2012 թ. օլիմպիական խաղերի ժամանակ:
Այժմ համապատասխան հանձնաժողովը պետք է որոշում ներկայացնի գործադիր կոմիտեին: Որոշումը կհամարվի պաշտոնական միայն գործադիր կոմիտեի ժողովից հետո՝ ձեզ ուղարկված նամակով: Այդ մասին կհաղորդենք որքան հնարավոր է շուտ»:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի մասնակցությունը աշխարհի 2017 թվականի առաջնությանը կարող է արգելվել: Հայաստանի թիմն ընդգրկվել է որակազրկված այն 9 հավաքականների շարքում, որոնք կարող են բաց թողնել աշխարհի առաջնությունը:
Նման որոշում կայացրել է մարզական արբիտրաժային դատարանը: Որոշումը կփոխանցվի ծանրամարտի ֆեդերացիային, որը Բուխարեստում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կայանալիք նիստի ժամանակ քննարկման կդնի որակազրկման հարցը: Որակազրկման պատճառ էր դարձել Օլիմպիական խաղերի ժամանակ դոպինգ-թեսթի դրական պատասխանը: Հնարավոր որակազրկում սպառնում է 9 թիմի` Ռուսաստանին, Ղազախստանին, Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Մոլդովային, Ուկրաինային, Թուրքիային և Չինաստանին: Աշխարհի առաջնությունն այս տարի կկայանա ԱՄՆ Անահայմ քաղաքում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ը: