Այլընտրանք չունի նաև Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ և անկախ կյանքը. Գարեգին Բ
SocietyՌուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում կարևորել է երկու ժողովրդի միջև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ հոգևոր առաջնորդները կարող են քննարկել ուղիներ և նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Այսօր, ցավոք, զգալի չեն ներդրվող ջանքերի արդյունքները, սակայն շատ ավելի մեծ և առարկայական են մեր ժողովուրդների սպասումները խաղաղ համակեցության այս փնտրտուքի մեջ: Այս առումով դրական արդյունքներ ենք ակնկալում ժամանակ առ ժամանակ կազմակերպվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԱԳ նախարարների հանդիպումներից ու բանակցային ողջ գործընթացից», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վերջինս ընդգծել է, որ հակառակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում կատարվող հայտարարությունների, հոգևոր առաջնորդներիս կոչերի և պատգամների՝ այսօր հրադադարի պայմաններում շարունակում է լարված մնալ իրավիճակը սահմանագծում, շարունակում են զոհվել զինվորներ և, երբեմն, նաև սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ:
«Սահմանից անդին չեն դադարում ռազմատենչ կոչերը, աճող սպառազինության վերաբերյալ հայտարարությունները: Այս ամենը մեծապես վտանգում է փոխվստահության և փոխըմբռնողության ոգու մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը և սասանելով արդեն իսկ փխրուն հրադադարը՝ վերափոխում հակամարտության ուժգնացման մի նոր իրողության, որին ականատես դարձանք 2016 թվականի ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ամենքիս հայտնի է այդ օրերի ժամանակագրությունը, փաստագրված նաև միջազգային հանրության կողմից, մարտի դաշտում զոհված զինվորների, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ կատարված խոշտանգումները, վայրագություններն ու բռնությունները, պատճառված կորուստներն ու ավերները», - նշել է նա:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ինչպես և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` բացառապես բանակցությունների միջոցով:
«Այլընտրանք չունի նաև Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ և անկախ կյանքը: Այսօր հրամայական է, որ կամք և հանձնառություն դրսևորվի` հիմնախնդրի լուծումը փնտրելու միմիայն բանակցային հարթության մեջ և կասեցնելու հրադադարի խախտման դրսևորումները, սահմաններից հեռացնելու դիպուկահարներին, դադարեցնելու անդադար գնդակոծումները և այլևս պատճառ չդառնալու հրադադարի պայմաններում ընտանիքների դժբախտացման` անվտանգ պահելով մեր զինվորագրված զավակների կյանքը: Յուրաքանչյուր փամփուշտ, որ արձակվում է Աստծո արարածի դեմ, նաև Աստծո դեմ է», - նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հորդորելով հոգևոր առաջնորդների լծակները ներդնել և ձևավորել փոխըմբռնման ու հանդուրժողականության մթնոլորտ, որի պայմաններում հնարավոր կդառնա պիտի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացումը:
Գարեգին Բ-ն իր խոսքում նաև կարևորել է միջազգային հանրության դերակատարությունը, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը հակամարտության շփման գծում վերահսկողական մեխանիզմների կիրառման և սահմանային միջադեպերի հետաքննության հարցում, երախտագիտություն հայտնել Կիրիլ Ա Պատրիարքին և Ռուս Ուղղափառ Եկեղեցուն՝ հակամարտության առաջին իսկ օրվանից դրսևորած սրտացավության և միջնորդական ջանքերի համար: