Բյուրականի մերձակայքում հայտնաբերվում և վերջնական մարվում են հրդեհի օջախները
SocietyԲյուրականի մերձակայքում հայտնաբերվում և վերջնական մարվում են հրդեհի օջախները։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, այս մասին հայտնել է Արմավիր քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Աշոտ Սահակյանը։
Հաղորդագրության մեջ նշված է. «Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում հրդեհաշիջման շտաբը ղեկավարող ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը հաղորդեց, որ հրդեհն ամբողջությամբ մեկուսացված է և սկսել են իրականացվել հետհանգեցման աշխատանքներ:
Սեպտեմբերի 3-ին՝ հրդեհի ահազանգ ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, ապա նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հրշեջ-փրկարարները: Շուրջ 200 փրկարար օր ու գիշեր պայքարում էր կրակի դեմ՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները: Արտավան գյուղի և Խոսրովի արգելոցի անտառային հրդեհներից հետո Բյուրականի հրդեհը կրակի բռնկման երրորդ խոշոր դեպքն էր, որը հանրային լայն հնչեղություն գտավ: Գտնվեցին սրտացավ կազմակերպություններ, քաղաքացիներ, ովքեր առաջին օրերից պատրաստ էին անհատույց օգնություն տրամադրել և հրշեջ-փրկարարի հետ իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ:
Երևան քաղաքի բնակիչ Ալեքսան Սամսոնյանը դեպքի մասին տեղեկացել է հրդեհի բռնկման հաջորդ օրը և ցանկություն հայտնել իր սեփական տեխնիկան տրամադրել փրկարարներին.
- Զանգահարեցի «911» ծառայություն, առաջարկեցի իմ օգնությունը, ապա, ստանալով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի համաձայնությունը, եկա դեպքի վայր: Արդեն երեք օր է օգնում եմ տղաներին՝ դժվարամատչելի տեղանքներ ամենագնաց կվադրոցիկլով ջուր հասցնել, իսկ տրակտորին կցված բաքով հնարավոր է ոչ միայն արագ ճանապարհ բացել անտառում, այլ նաև արագ ջուր մատակարարել փրկարարներին:
Ա. Սամսոնյանը նշում է, որ չնայած մասնագիտությամբ փրկարար չէ, բայց այս օրերին հրշեջ-փրկարարներից շատ բան է սովորել, փորձ ձեռք բերել և, ժպիտով նշում, որ այսուհետ պատրաստ է նմանատիպ իրավիճակներում ճիշտ գործել:
Այս օրերին լայնամասշտաբ հրդեհաշիջման աշխատանքներին ընդգրկված են նաև Երևան քաղաքի և հարակից մարզերի փրկարարական վարչության աշխատակիցները: ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ Արմավիր քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Աշոտ Սահակյանը նշում է, որ մեկուսացված օջախների մարման աշխատանքներն ակտիվ ընթացքում են.
Վերջերս հանրապետության տարածքում մեկը մյուսի հետևից բռնկվող հրդեհների ժամանակ հրշեջները պատվով կատարել են իրենց վրա դրված պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ և մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Ոչ մի վերահսկողություն և տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց քաղաքացիներն ըմբռնումով չվերաբերվեն մեր ընդհանուր հարստության պահպանման գործին»: