Ըստ Գեղամյանի՝ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ն ուղղակի վրիպել է
InterviewՌուսական «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը «Զենքի հետևից՝ Չինաստան. Հայաստանին քիչ են ռուսական Սմերչերն ու Իսկանդերները» հոդված էր հրապարակել, որում անդրադարձ էր կատարվել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի Չինաստան այցին: Գործակալության հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ Հայաստանը, խորացնելով գործակցությունը Չինաստանի հետ, շանտաժի է ենթարկում Մոսկվային, որպեսզի ստանա ավելի էժան զենք: Հետաքրքրական, որ հոդվածը հեռացվել է կայքից:
Past.am-ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ռուսական պետական քաղաքականությունը ներկայացնող խոշորագույն քարոզչամիջոցի մտահոգությունը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Ռուսական մամուլը շատ բազմազան է: Այդ հարցը չէր ծագի, եթե մարդիկ լսեին Արևելյան տնտեսական ֆորումում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը: Նա շեշտեց՝ Չինաստանը Ռուսաստանի բարեկամն ու դաշնակիցն է: Ընդ որում՝ Պուտինը դա ասաց Մոնղոլիայի, Ճապոնիայի ղեկավարների ներկայությամբ: Մտահոգվելու բան չկա, իսկ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության հեղինակը վրիպել է՝ մոռանալով այս հույժ կարևոր փաստը»: Այնուհանդերձ, նկատենք, որ նման ԶԼՄ-ներում չեն լինում պատահական վրիպումներ:
Լևոն Փանոսյան