«Ելքը» գնում է ինքնակործանման
AnalysisՀայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ է ներկայացրել:
Այս առաջարկը սպասելի էր, քանի որ վերջին շրջանում դաշինքն անընդհատ ակնարկում էր այդ մասին: Իհարկե, միասնական տեսակետ չէին հայտնում, սակայն ակնհայտ էր, որ ինչ-որ գործընթաց կարող է սկսվել: Այս քայլով, դաշինքը բավականին ծանր կացության մեջ դրեց իրեն և ձևավորեց այդքան սիրելի՝ կեղծ օրակարգ: Բացատրեմ, թե ինչումն է կայանում խնդիրը: Դաշինքի առանցքային դեմքերից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, վերջերս ակնհայտ աջակցում է Կարեն Կարապետյանին: Մյուս երկուս՝ Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը, եթե անգամ բացահայտ չեն աջակցում Սերժ Սարգսյանին, ապա գոնե ենթատեքստում դա միշտ անում են: Դաշինքի այս առաջարկի հիմքում կարող են ընկած լինել մի քանի գործոններ:
Նրանք սա անում են ինչ-որ քաղաքական քայլ կատարելու նկատառումով: Ակնհայտ է, որ Ազգային ժողովում և Երևանի Ավագանում տեղեր զբաղեցնելուց հետո նրանք որևէ լուրջ քաղաքական նախաձեռնությամբ հանդես չեն եկել, ինչը կպատշաճեր ընդդիմադիր դաշինքին: Դե իհարկե, ընթերցողը կարող է հակադարձի՝ խոսելով Երևանի փողոցների անվանափոխության, ժամացույցների սխալ աշխատելու կամ երթուղայիններում երաժշտություն հնչելու վերաբերյալ նախաձեռնություններին հղում անելով, սակայն հուշենք, որ քաղաքական առումով դրանք անլուրջ քայլեր են:
Երկրորդ պարագան, որ կարող է լինել, ապա դա հետևյալն է. դաշինքը վերջնականապես կողմնորոշվել է իր արտաքին քաղաքական գծում և հանդես է գալիս պրոարևմտյան դիրքերից: Այն, որ ԵԱՏՄ-ն մեզ մեծ հաշվով ոչինչ չի տալիս, դա գիտենք բոլորս: Սակայն ինչու՞ են նրանք այդ մասին հայտարարում հիմա: Առավել ևս, որ որքան էլ ուզենք, Հայաստանում հակառուսական ընդգծված տրամադրություններ չկան: Այս առումով, նրանք թույլ են տալիս ժամանակավրեպ կոպիտ սխալ, եթե իհարկե, հիմքում ընկած չէ այն, ինչը կներկայացնեմ հաջորդ կետում:
Այս առաջարկով նրանք կատարում են Սերժ Սարգսյանի ուղղակի հրահանգը կամ անուղղակի պատվերը: Հոկտեմբերը հեռու չէ, և Եվրոպայի հետ համաձայնագրի ստորագրման ժամանակը մոտենում է: Սարգսյանը կարող է հերթական անգամ ենթարկվել ռուսական ճնշումներին և հերթական, թերևս, հազարերորդ անգամ ստախոս դուրս գալ սեփական և միջազգային հանրության առջև: Իսկ այժմ, ԱԺ-ում ունենալով նման նախագիծ, նա հնարավորություն ունի մանևորելու: Չի կարող զսպել երկու հարց միաժամանակ: Արդյունքում, «Ելքի» նախաձեռնությունը կտապալի՝ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու դիմաց:
Ցանկացած հնարավոր զարգացման դեպքում էլ ակնհայտ է դառնում, որ այս դաշինքը խաղում է Սերժ Սարգսյանի համար և Սերժ Սարգսյանի կանոններով:
Կոզմաս Ալիփուխար, Orer.am, վերլուծաբան