Բանկոմատից հափշտակել են միայն խոշոր թղթադրամները. հարուցվել է քրեական գործ
SocietyԵրեւանի բանկոմատներից մեկից այս գիշեր հրկիզման եղանակով տեղի ունեցած հափշտակության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
«Ներկայումս հստակեցվում է, թե որքան գումար է եղել բանկոմատում եւ որքանն է հափշտակվել, քանի որ որոշ թղթադրամներ հայտնաբերվել են գետնին թափված, նրանց մի մասն էլ վնասված վիճակում: Նախնական տվյալով, խոշոր թղթադրամները հափշտակվել են, իսկ 1000 եւ 5000 դրամանոցները՝ ոչ»,- ասաց Սոնա Տռուզյանը:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Երեւանի Հանրապետության փողոցում առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում: