Նիկոլ Փաշինյանը մինչ օրս անգնահատելի ծառայություններ է մատուցում իշխանությանը
AnalysisArmenia24.info-ը գրում է.
2008թ. մարտի մեկը շատերն համարում են նորանկախ Հայաստանի պատմության ամենադժբախտ էջը: Իրականում, ամենայն հարգանք տածելով 10 զոհերի նկատմամբ, ստիպված ենք փաստել, որ այն նորանկախ Հայաստանի պատմության ամենաբեկումնային էջն էր: Ինչու՞: Որովհետև Հայաստանի քաղաքացին սկսեց չվախենալ: Նա հասկացավ, որ այն առավելագույնը, ինչին ընդունակ է այս իշխանությունը, դա կրակելն է սեփական քաղաքացու վրա: Ցավոք, մենք չկարողացանք արժանապատվորեն օգտագործել այդ հնարավորությունը: Մարտի մեկի արդյունքում ամենաշատը շահեց մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը:
Հայկական քաղաքական դաշտի ամենաճղճղան գործիչը սկանդալների կենտրոնում էր դեռ այն ժամանակ, երբ Հայկական Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիրն էր: 2007թ-ին նա երազում էր դառնալ պատգամավոր և այդ նշաձողին մոտեցավ հայտնի կարգախոսներով՝ Իմփիչմենտ դաշինքով: Այն ինչ տեղի ունեցավ հետո, շատ հուզիչ էր:
2008-ին նա համալրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների շարքերը: Տեր-Պետրոսյանը նրան տվեց հարթակ, բարձրախոս, դարձրեց հանրության սիրելին: 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում էլ նա անցավ խոհրդարան` նույն Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ համամասնական ցուցակով: Սակայն, ինչպես ասում են, երբեք մի թքիր այն աղբյուրի մեջ, որից խմում ես: Անհիմն մեղադրանքներ ներկայացնելով իր թիմակիցներին և մոռանալով անգամ այն հանգամանքը, որ երբ նա նստած էր Կոշի գաղութում, այդ նույն թիմակիցներն էին նրա քվեները պահում և ծեծվում Կենտրոնի տեղամասերում, Նիկոլը հեռացավ: Իր անցյալի Կոշում, սրան կտային համապատասխան բնութագիր: Դառնալով այսպես ասած անկախ պատգամավոր` նա Ազգային ժողովի ամբիոնը չէր դադարում օգտագործել որպես սեփական փիառի միջոց` ամենաանիմաստ հարցերի շուրջ աղաղակումներ կատարելով այդ ամբիոնից:
2015-ի Սահմանադրական փոփոխությունների ժամանակ նա անգնահատելի ծառայություն մատուցեց Սերժ Սարգսյանին` հայտարարելով, թե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կեղծ օրակարգ է, և ինքը մտադիր չէ պայքարել այդ օրակարգի դեմ: Այստեղ դժվար է խոսել նրա քաղաքական տհասության մասին: Ինչ-ինչ, բայց ինտելեկտ և քաղաքական հոտառություն նա ունի: Ուստի չէր կարող չհասկանալ, որ պառակտելով ՈՉ-ի ճամբարը, նա ծառայություն է մատուցում իր իշխանությունը հավերժացնող Սերժ Սարգսյանին:
Սարգսյանն, ինչպես ասում են, լավության տակ չմնաց: Մոտեցան 2017-ի ընտրությունները, որոնք բախտորոշ եղան Հայաստանի համար: Նախ Նիկոլը բարձրախոսը ձեռքին հայտնվեց Խորենացում՝ «Սասնա ծռերի» աջակցության դիրքերից: Ի պատիվ այդ խմբավորման, նրանք ողջախոհ որոշում կայացրեցին և հրաժարավեցին Նիկոլի քաղաքական «ծառայություններից»: Սակայն դա նրան չխանգարեց, որպեսզի ընտրությունների ժամանակ կոնսոլիդացնի ծռական զանգվածի մի մասին:
Եկավ խորհրդարանական ընտրությունների նախերգանքային փուլը, և Սերժ Սարգսյանը հիշեց Նիկոլի մատուցած ծառայությունը: Նա բոլոր ընդդիմադիրներից քննադատեց միայն Նիկոլին` դրանով իսկ ավելացնելով նրա ռեյտինգը, իսկ այնուհետ թույլ հարձակում արեց Արմեն Աշոտյանը՝ ուժեղ պատասխանի հնարավորություն տալով Նիկոլին ու վերջինիս դիրքերն համատեղ ամրապնդեցին: Դե իսկ լռության նախորդող գիշերը, երբ արդեն որևէ կերպ հնարավոր չէր հակադարձել, շրջանառության մեջ դրվեց զենքի հետ կապված կապիկությունը, որը կողմնորոշեց չկողմնորոշված ընդդիմադիրներին:
Իսկ ի՞նչ է անում հիմա Սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ համարող գործիչը: Սելֆիի ձողը ձեռքին հեռարձակումներ է ունենում ֆեյսբուքում, լուրջ օրակարգ է ձևավորում փողոցների անվանափոխության և ժամացույցների ոչ ճիշտ աշխատելու շուրջ: Երբեմն-երբեմն հուզառատ ելույթներ է ունենում ԱԺ ամբիոնից և տալիս ՀՀԿ վարչապետ Կարեն Կարապետյանին հուզող հարցեր: Իհարկե, չի մոռանում նաև երբեմն անուղղակի գովել Կարեն Կարապետյանին:
Իսկ վերջին՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը, լրջագույն ծառայություն էր Սերժ Սարգսյանին, որի մասին դեռ շատ կխոսվի:
Զաբել Եսայան