Ռաֆայել Նադալը՝ US Open-ի եռակի հաղթող
SportԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը երրորդ անգամ նվաճեց ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնական տիտղոսը:
US Open-ի եզրափակիչում աշխարհի առաջին ռակետը 3 սեթում վստահ հաղթանակ տարավ հարավաֆրիկացի Քեւին Անդերսոնի նկատմամբ՝ 6:3, 6:3, 6:4: Մրցախաղը տեւեց 2 ժամ 28 րոպե:
Սա 30-ամյա Նադալի 16-րդ տիտղոսն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Նա US Open-ում հաղթել էր նաեւ 2010-ին եւ 2013-ին, իսկ եզրափակիչում խաղաց չորրորդ անգամ: Աշխարհի 32-րդ ռակետ, 31-ամյա Քեւին Անդերսոնն առաջին անգամ էր հասել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչ:
Նախորդ տարի US Open-ում հաղթել էր շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան, որը վիրահատության պատճառով այս անգամ բաց թողեց մրցաշարը:
Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթանակների ցուցանիշով ռեկորդակիր է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որը նվաճել է 19 տիտղոս: Ռաֆայել Նադալը երկրորդն է, իսկ եռյակը եզրափակում է ամերիկացի Պիտ Սամպրասը՝ 14 տիտղոս: