Մեկ դերասանի թատրոնը
AnalysisԹատերական արվեստում կա մի հասկացություն, որը կոչվում է մեկ դերասանի թատրոն: Այլ կերպ ասած՝ մոնոներկայացում: ՀՀ վերջին գումարման Ազգային ժողովը հիշեցնում է այդ թատրոնը: Հիմա կասեք թատրոնի և ԱԺ-ի միջև տարբերություններ շատ կան: Իհարկե կան: Թատրոնում մարդիկ քիչ են վարձատրվում: Թատրոնում չկա այն հսկայածավալ ձրիակերների անձնակազմը, որը կա ԱԺ-ում, թատրոնում մարդիկ չեն շրջում շքեղ ծառայողական մեքենաներով, որոնց բենզինի ծախսը սովորական հարկատուներիս ուսերին է: Թատրոնի աշխատակիցները չեն ստանում կես միլիոնի հասնող աշխատավարձ:
Սակայն թատրոն գնացողը գիտի, որ գնում է թատերական ներկայացում նայելու: Դերասանները խնդիր ունեն այդ թատերական ներկայացումը լավ ներկայացնելու, որպեսզի էսթետիկ հաճույք պատճառեն հանդիսականին: Իսկ ԱԺ-ում այդ ներկայացումը խաղում են շատ վատ: Նրանք փորձում են հանդիսականին՝ ժողովրդին համոզել մի բանում, որը պարզապես գոյություն չունի: Ի վերջո, լավ թատրոն դիտելու պարագայում, կարելի է նաև կատարսիսի հասնել, իսկ ԱԺ նիստերը դիտելիս, նողկանքից զատ, այլ զգացողություն չես ունենում:
Թատրոնում կա ռեժիսոր, սցենարիստ, գեղարվեստական ղեկավար, տնօրեն, ի վերջո՝ հուշարար: ԱԺ-ում այդ բոլոր գործառույթները կատարում է Սերժ Սարգսյանը: Նա և՛ սցենարիստն է, և՛ ռեժիսորը, և՛ գեղարվեստական ղեկավարը, հարկ եղած դեպքում՝ նաև հուշարարը:
Վերջին իրադարձությունների ֆոնին ԱԺ-ն դառնում է ամենաանհետաքրքիր կառույցը: Փորձը հուշում է, որ սա կլինի ամենապասիվը շոուների առումով: Իհարկե, որոշ կրքոտ և բոցաշունչ ելույթներ կտեսնենք: Ազգիս համար տառապող, հատկապես արմատական ընդդիմադիրները պետք է համոզեն, որ իրենք են այն միակը, ով գիտի ժողովրդի փրկության ուղին: Բայց, ինչպես կասեր Մհերը Մկրտչյան՝ էքսպրեսիա չկա: Բացի էքսպրեսիայի բացակայությունից, չկա նաև էմոցիա: Ինքնախաբեությունը լավ է, երբ դու կարողանում ես ինքդ քեզ համոզել պատկերավոր ստի մեջ: Սակայն դա ևս որոշակի հմտություն է պահանջում:
Մեզ մնում է բարի վայելու մաղթել Սերժ Սարգսյանին` իր բոլոր ձեռնարկումներում:
Զաբել Ռուբինյան, Orer.am, վերլուծաբան