Հայր և դուստր Սահակյանների կտավները ցուցադրվեցին մեկ հարթակում
Culture«Հորինվածք», «Ռենուար. աղջկա դիմանկարը», «Ախթամար», «Կանայք», «Պրոլետարներ բոլոր երկրների», «Տեսողություն». այս խորագրերն են կրում նկարիչներ Համբարձում Սահակյանի և Լուսինե Բրայթշայդլ Սահակյանի կտավները: Հոր և դստեր գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 12-ին Հայաստանի նկարիչների միությունում:
«Լուսինեն ինձ համար իսկապես հայտնագործություն էր, և ես շատ ուրախացա և միևնույն ժամանակ զարմացա` տեսնելով նրա կտավները: Ուրախությանս պատճառն այն է, որ Լուսինեն շատ գեղեցիկ նկարներ է ստեղծել, զարմացա, որ, չունենալով նկարչուհու մասնագիտական կրթություն, նա կարողացել է այդքան նրբաճաշակ աշխատանքներ ստանալ»,- նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Անդրադառնալով Համբարձում Սահակյանին`Աղամյանն ասաց, որ ինքը նրան վաղուց գիտի և միշտ հրճվել է նրա յուրօրինակ, մեղմ, ասելիքով լի կտավներով:
«Նա մեզ ևս մեկ անգամ մատուցում է գեղեցիկ արվեստ` ներկայացնելով իր վերջին տարիների ստեղծագործությունները: Սիրում ենք Համբարձումի համեստությունը, ազնվությունը»,-եզրափակեց Աղամյանը:
Նկարիչ Խաչիկ Ազիզյանը շեշտեց, որ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան ընդունվելիս քոլեջի պատին տեսել է Սահակյանի դիպլոմային աշխատանքը: «Գյուղական պատկեր էր, հրաշալի կտավ, որն ինձ չափազանց տպավորեց ու մինչ օրս հուզմունքով եմ հիշում այդ ստեղծագործությունը: Կարծում եմ` նա մեր առաջադեմ նկարիչներից է»,-ընդգծեց Ազիզյանը:
Ըստ Համբարձում Սահակյանի` կյանքը դեռ առջևում է:
«Սպասում եմ լավ օրերի, որոնց անպայման մասնակից եմ ուզում դառնալ: Պետք է առաջ քայլել դեպի լույսը, ստվերները հետևում թողնել, տաքություն, ջերմություն գտնել, մարդկանց սիրել, գուրգուրել, փայփայել: Այս ամենն արտահայտել եմ այս կտավներում ու նկարելիս միայն դրական երևույթների մասին եմ մտածել»,-շեշտեց նա:
Խոսելով դստեր մասին` նկարիչն ասաց, որ Լուսինեն մասնագիտությամբ բժիշկ է, բայց 2005 թվականից սկսել է նկարել: «Ես հորդորեցի, որ նա հաճախի Մյունխենի գեղարվեստի մասնավոր ակադեմիա ու կրթություն ստանա, հմուտ նկարչուհի դառնա: Հպարտանում եմ նրանով ու շատ ուրախ եմ, որ միևնույն հարթակում ենք հանդես գալիս»,-ընդգծեց Սահակյանը:
Ցուցահանդեսին ներկա էին նկարչի հարազատները, գործընկերներն ու արվեստասերներ: Լուսինե Սահակյանը ներկա չէր, քանի որ բնակվում է Գերմանիայում: