Ստեփանակերտում իրականացվել է առաջին անհրաժեշտության ապրանքների դիտանցում
EconomicsԱրցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցների կողմից սեպտեմբերի 11-ին իրականացվել են դիտանցումներ՝ Ստեփանակերտ քաղաքում առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման նպատակով:
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դիտանցման ընթացքում ուսումնասիրվել են առաջին անհրաժեշտության 37 ապրանքային խմբերի 71 ապրանքատեսակների մանրածախ գները:
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 4-ի համեմատ 2%-ից ավելի աճել են «Լոլիկ»` 9.6%, «Կարտոֆիլ»` 9.3%, «Սոխ»` 7.4% և «Կիտրոն»` 7.3% ապրանքատեսակների գները։
2%-ից ավելի նվազել են «Վարունգ»` 16.7%, «Ոչխարի միս»` 3.3% և «Դեղին երկարահատիկ» բրինձ` 3.2% ապրանքատեսակների միջին գները: Նույն ժամանակահատվածում մնացած 64 ապրանքատեսակների միջին գները մնացել են անփոփոխ, նվազել կամ աճել են մինչև 2%ով։