Մի՞թե սա է մակարդակը... (տեսանյութեր)
AnalysisԱյսօր մեկնարկել է Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Ավագանու նիստերը, ինչպես միշտ, անցնում են անչափ «կոնստրուկտիվ»՝ լեզվակռիվների և քաղաքական բանավեճի իսպառ բացակայության մթնոլորտում. Այս նիստը նույնպես բացառություն չէր: Տեղի ունեցավ լեզվակռիվ ավագանու ՀՀԿ-ական անդամ Արմեն Սահակյանի և «Ելք» խմբակցության անդամների միջև: Քննարկման ժամանակ Սահակյանը սկսեց Անահիտ Բախշյանին դիմել «պարոն Բախշյան», «Անո» անուններով: Սա առաջացրեց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի վրդովմունքը: Նա հորդորեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կարգի հրավիրել ՀՀԿ ավագանուն: Տարոն Մարգարյանը պահանջեց բոլորից լռել և չխանգարել նիստի ընթացքը։ Բայց, կարծես թե Սահակյանի համար քաղաքապետի խոսքը զգաստանալու առիթ չհանդիսացավ. Սահակյանը շարունակեց այժմ էլ «արա, էյ»-ով դիմել Ալեն Սիմոնյանին։ Փաստորոն, ավագանու ՀՀԿ-ական անդամը չունի այն կուլտուրան, որը պահանջում է հարգել իր դիմաց կանգնած կնոջը և թեև ընդդիմադիր, բայց գործընկերոջը, այն կուլտուրան, որն, ի տարբերության իրեն՝ ուներ Ալեն Սիմոնյանը: Կրքերը չհանդարտվեցին նաև նիստից հետո, կարծես եղած միջադեպը բավարար չէր ավագանու հեղինակությունը սասանելու համար: Արդեն միջանցքում իրար հետ հարաբերություններ պարզելով էլ աչքի ընկավ «Ելք»խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, ով պատրաստվում էր «առանց օֆ անելու երկու մատով խեղդել» ՀՀԿ-ական Հովհաննես Ավանեսյանին: Թերևս, Անի Խաչատրյանը մի փոքր աղավաղված պատկերացում ունի քաղաքականության մեջ կանանց դերի և պատգամի մասին՝ ասում են կանայք շատ ավելի խաղաղասեր են, ասել է թե՝ երկու մատով խեղդելիս գոնե օֆ կանեն...
Այնպիսի տպավորություն է, որ ավագանու անդամները հաճախ մոռանում են որտեղ են գտնվում և ինչպիսի գործառույթներ է դրված իրենց ուսերին: Երևանցիներն ավագանի են ընտրել քաղաքի առջև ծառացած խնդիրների լուծումները ստանալու նպատակով և հույսով, իսկ արդյունքում ականատես են լինում էժանագին շոու- ներկայացումների և ավագանու նիստերը շուկայի հետ շփոթած ավագանու անդամների լեզվակռիվներին: Սա կարևորագույն քաղաքական հարթակ է, որտեղ քաղաքական ուժերը պետք է իրագործեն իրենց քաղաքական պոտենցիալի եթե ոչ ամբողջ, ապա առնվազն՝ զգալի մասը, հենց այստեղ նրանք պետք է ցույց տան ինչի են ունակ, սակայն այդ հարթակի մակարդակն այնքան ցածր է, ի սկզբանե այնքան ցածր նշաձող է դրվել այս կառույցի գործունեության հիմքում, որ անգամ միջանձնային հարաբերություններում չեն գործում հանրության կողմից ընդունված նորմերը՝ մեծ ու փոքր, կին, տղամարդ չեն ճանաչում...Մի՞թե սա է մակարդակը...
Ստելլա Խաչատրյան