Խոսրովի անտառում հրդեհից կարճ ժամանակ անց նկատվում է բույսերի վերաճ. ԲՆ
Society«Այրված տարածքների վերականգնման եւ արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի ամերիկացի մասնագետներն այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքից, որտեղ տեղակայված թանգարանում հյուրերն տարածական քարտեզի միջոցով ծանոթացել են այրված տեղանքին, կենսաբազմազանության նմուշներին:
Մի քանի օր մասնագիտական խումբն ուսումնասիրություններ է կատարել արգելոցի այրված մի շարք տեղամասերում, իրականացրել փաստագրումներ եւ գնահատումներ:
Ամերիկացի մասնագետները դիտարկել են «Խոսրովի անտառ» արգելոցում առկա ջրային համակարգերը, հակահրդեհային ենթակառուցվածքների առկա համակարգերը /ճանապարհները, գետերը, աղբյուրները/, գնահատել անտառային եւ խոտածածկ հատվածներին հասցված վնասը, հողի մակերեսի այրվածքների խորությունը:
Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ դիտարկումների արդյունքում ձեւավորվելիք մասնագիտական եզրակացությունները կներկայացվեն ավելի ուշ, սակայն խմբի անդամներն ուրախությամբ եւ զարմանքով արձանագրել են, որ հրդեհից արդեն կարճ ժամանակ անց տարածքներում նկատվում է բույսերի վերաճ, ինչը վկայում է այն մասին, որ դրանց արմատային համակարգերը վնասված չեն: Տերեւակալումներ են նկատվել նաեւ հրդեհից վնասված լայնատերեւ ծառերի մի մասի մոտ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական եւ առեւտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն շեշտել է, որ հրդեհի առաջին իսկ օրվանից իրազեկված են եղել աղետի ընթացքի վերաբերյալ, առաջարկել են իրենց օգնությունը եւ կարճ ժամանակահատվածում մասնագիտական խումբը կազմավորվել եւ հրավիրվել է Հայաստան, որպեսզի աջակցի վերականգնողական աշխատանքներին: Ըստ բանախոսի, մասնագիտական գնահատականները կտրամադրվեն նաեւ հասարակական կազմակերպություններին:
Անտառային գենետիկայի մասնագետ Էնդրյու Բաուերը նշել է, որ արգելոցում պետք է նպաստել բնական վերականգնման գործընթացին, ինչն արդեն այսօր նկատելի է:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի բաժնի պետ Արամ Աղասյանը նկատել է, որ ուսումնասիրություններ եւ մոնիթորինգ իրականացնելու նպատակով նախատեսվում է այրված տարածքներում գիտական նպատակներով առանձնացնել փորձահրապարակներ, որտեղ իրականացվելիք ուսումնասիրությունների արդյուքները թույլ կտան հետագայում մոդելավորել եւ կանխատեսել բնական էկոհամակարգերի վերականգնման ընթացքը:
Հիդրոլոգ Դանա Բաթլերը նշել է, որ գնահատելու են ռիսկերը` հետագայում հրդեհները կանխարգելելու նպատակով:
Սեպտեմբերի 13-ին խումբը մեկնել է Արտավանի անտառներ` տեղում վիճակին ծանոթանալու նպատակով: Ըստ Միացյալ Նահանգների անտառային ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թեւզաձեի` ԱՄՆ մասնագետների խումբը կգնահատի վնասները եւ կտրամադրի կարճաժամկետ եւ երկարաժամկետ մասնագիտական օժանդակության առաջարկներ: ՀՀ եւ ԱՄՆ կառավարություններին տրամադրվելիք եզրակացությունը հիմք կարող է հանդիսանալ նաեւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար: